Մատչելի հղումներ

Ռոբոտն օգնում է սահմանափակ հնարավորություններով երեխաներին


Արդյունաբերական ռոբոտները հավաքում էին մեքենաների մասեր, համակարգչի բաղադրիչներ և տեղաշարժում վտանգավոր նյութերով մեծ բեռնարկղեր: Գիտնականներն այժմ ստեղծել են սահմանափակ հնարավորություններով երեխաների համար անհատականացված բուժում ապահովող ռոբոտներ:

Քեվին Ֆիջերըլդը նա չի կարողանում խոսել. սուր արտահայտվող դիսպրաքսիայի պատճառով նա դժվարանում է շարժել բերանը և լեզուն: Խոսելու դժվարություն ունեցող շատ երեխաների նման Քեվինը, խոսքը զարգացնելու համար, աշխատում է բժշկի հետ: Սակայն Քեվինի բուժմանն օգնում է նաև Կոսմոբոտ սոցիալապես աջակցող ռոբոտը:

Նյարդաբան Քերըլ Սամանգո-Սփրաուզը 1982թ.-ից աշխատում է սահմանափակ հնարավորություններով երեխաների հետ: Ըստ նրա` ռոբոտն անմիջապես գրավում է երեխաներին:

“Կոսմոբոտը կլանում է երեխաներին, և նրանք ավելի երկար ու ջանասիրաբար են աշխատում: Դա նկատեցինք առաջին օրն իսկ առաջին երեխայի մոտ”,-վստահեցնում է Քերըլ Սամանգո-Սփրաուզը:

Ըստ Սամանգո-Սփրաուզի` Կոսմոբոտն արդյունավետ է, քանի որ երեխաները կարծում են `դա կենդանի մարդ է: Նրանք խոսում են ռոբոտի միջոցով և նրա օգնությամբ հետևում հրահանգներին:

Ռոբոտի միջոցով խոսելու և նրա օգնությամբ հրահանգներին հետևելուց բացի` Քեվինին դուր է գալիս կառավարել այն: Համակարգչի ստեղներով նա կարող է Կոսմոբոտին ետուառաջ տանել, և շրջանաձև պտտել:

“Ըստ իս` Կոսմոսի միջոցով Քեվինը զարգացնում է պլանավորելու հմտությունը: Նա որոշում է ռոբոտի անելիքը, իսկ դա ինձ թույլ է տալիս ասելու` սա շատ դժվար է, և Կոսմոսը չի կարող միայնակ, նրան օգնել է պետք: Եվ Քեվինն ավելի ջանասիրաբար է աշխատում”,- ասում է Քերըլը:

Քեվինի մոր խոսքերով` Կոսմոբոտը դրականորեն է ազդել իր տղայի հասարակական կյանքի վրա:

“Նա ավելի նրբանկատ է ընկերների հանդեպ: Նախկինում, եթե ցանկանում էր ողջունել, նա կարող էր պարզապես հարվածել թևին: Հիմա փոխվել է, թափ է տալիս ձեռքը, կարծում եմ` Կոսմոյից է սովորել: Կոսմոն այնքան հանգիստ ու հանդարտ է”,-պատմքում է Քեվինի մայրը:

Կոսմոբոտին ստեղծել է Քորինա Լաթան: Նա ԱնթրոԹրոնիքս ինժեներական հետազոտությունների ֆիրմայի հիմնադիրն է:

“Ոգևորվել էի մեզ հետ աշխատող երեխաների հետ ինչ-որ բան ստեղծելու գաղափարով, երեխաների, ովքեր ունեն գլխուղեղի լուծանք, դաունի համախտանիշ, աուտիզմ, կամ այլ դժվարություններ: Տարիներ շարունակ այս երեխաները չեն կարողացել օգտվել տեխնոլոգիական առաջընթացից”,-բացատրում է Լաթան:

Լաթանի խոսքերով` երեխաները Կոսմոբոտին ընդունում են թե ֆիզիկապես, թե սոցիալապես և թե ճանաչողաբար:

“Նրանք ընկերանում են Կոսմոբոտի հետ: Այն երեխաների մոտ խթանում է այնպիսի վարք, որ թվում է առկա չէ նրանց մոտ կամ շատ բարդ է նրանց համար: Բուժման ընթացքում Կոսմոբոտի ազդեցությունն այս երեխաների վրա հսկայական է”,-վստահեցնում է Լաթան:

Սոցիալապես աջակցող ռոբոտները դեռ ընդունվում են միայն որպես ուսումնասիրության գործիք.ԱՄՆ-ում դրանք ավելի քիչ են կիրառելի, քան այլ երկրներում: Լաթանը լավատես է, որ ի վերջո այն հասանելի է դառնալու Քեվինի նման երեխաների համար:

XS
SM
MD
LG