Մատչելի հղումներ

Ըստ հետազոտությունների` քրոնիկական ցավեր ունեցող տարեցներն ավելի հաճախ են վայր ընկնում


ԱՄՆ-ում նոր ուսումնասիրության արդյունքներով` տարեցների ընկնելու հիմնական պատճառը ցավն է: Ավելի վաղ ուսումնասիրությունները բացահայտել էին, որ 70-անց մարդկանց մոտ վնասվածքների և 85-անց տարեցների մահվան հիմնական պատճառն ընկնելն է:

Մասաչուսեթսի համալսարանը նոր ուսումնասիրություն էր կատարել յոթանասուն և բարձր տարիքի մարդկանց ոսկորների և հոդերի քրոնիկական ցավի շուրջ:

“Ուսումնասիրության ամենակարևոր բացահայտումն այն էր, որ քրոնիկական ցավը մեծացնում է տարեցների մոտ ընկնելու հավանականությունը”,-ասում է հետազոտող Սյուզան Լիվալին:

Տարեցների շրջանում ամենահաճախ պատահող և ամենաթանկարժեք բժշկական միջամտություն պահանջող վնասվածքներն առաջանում են վայր ընկնելու արդյունքում: Սա նման վնասվածքների դեպքում ցավի բնույթի համապարփակ առաջին ուսումնասիրությունն է: Հետազոտողները խնդրել էին միայնակ ապրող տարեցներին նշել նաև ցավի աստիճանը:

“Ըստ մեր հետազոտության` բնակչության այդ հատվածի 40 տոկոսը վայր է ընկել հետազոտության առաջին տարում, իսկ մասնակիցների 55 տոկոսը` 18 ամսվա ընթացքում: Յոթանասուն անց 749 մարդ ընկել է հազարից ավել անգամ”:

Տարեցներից մեկի խոսքերով` ցավն այնքան տհաճ կաչող է լինել, որ անկախ թե ինչով է զբաղված տվյալ պահին, ցավից բացի ուրիշ ոչնչի մասին մտածել չի կարող:

Հետազոտողները պարզել են, որ կարևոր է ցավի աստիճանը: Օրինակ` բազմակի ցավեր ունեցողներն առավել մեծ վտանգի տակ են: Ցավեր չունեցողների համեմատ` տասնութ ամսվա ընթացքում 50 տոկոսով մեծ էր նրանց ընկնելու հավանականությունը:

Տարեցների մոտ վնասվածք ստանալու առաջին պատճառներից մեկն ընկնելն է, որի հետևանք են ազդրի կոտրվածքները, ուղեղային և այլ վնասվածքները: Ըստ Լիվալիի` դրանք հնարավոր է կանխել:

“Ցավին և ընկնելուն ավելի մեծ ուշադրություն դարձնելով` հնարավոր է պահպանել առողջությունը և աջակցել մարդկանց ապրելու ակտիվ և առանց օգնության”,-համոզված է Լիվալին::

Ըստ Յեյլ համալսարանի ուսումնասիրության` հնարավոր է 11 տոկոսով կկրճատել ընկնելու դեպքերը` ռիսկայնության գնահատման և տարեցների տեղեկացվածության արդյունքում:

Աշխարհում նկատվում է 60-անց մարդկանց թվաքանակի աճ: Օգնելով տարեցներին պահպանել առողջությունը` հնարավոր է բարելավել նրանց կյանքի որակը և կրճատել ընկնելու արդյունքում վնասվածքների հետևանքով բժշկական խնամքի ծախսերը:

XS
SM
MD
LG