Մատչելի հղումներ

Էյ-Այ-Ջի ապահովագրական ընկերության ղեկավարության հավելավճարների փաստը մեծ զայրույթ է առաջացրել


Էյ-Այ-Ջի խոշորագույն ապահովագրական ընկերության ղեկավարների հավելավճարների լուրը մեծ զայրույթ է առաջացրել: Էյ-Այ-Ջի-ն պնդում է, որ հավելավճարները նախատեսված են ընկերության ղեկավարության պայմանագրերով:

Աշխարհի ամենախոշոր ապահովագրական ընկերությունը գտնվում է հեղինակության և վստահության կորստի շեմին:

Նյու Յորքի բնակիչների կարծիքով` մեղադրել պետք է միայն ընկերության ղեկավարությանը:

Նախագահ Օբամայի կարծիքով այս ամենն ընկերության “անշրջահայացության և ագահության” հետևանք է: Եվ հաշվի առնելով, որ պետությունը 170 միլիարդ դոլարից ավելին ներդրում է արել ընկերությունը փրկելու համար` նախագահը հանձն է առել իր հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ կասեցնելու այդ վճարումները:

"Վերջին վեց ամիսների ընթացքում Էյ-Այ-Ջի-ն էական գումարներ է ստացել ԱՄՆ-ի գանձապետարանից, և ես ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներին հանձնարարել եմ օգտագործել օրինական բոլոր լծակները` այդ հավելավճարները կասեցնելու և հարկատուների գումարները վերականգնելու համար”, ասել է նախագահ Օբաման:

Սակայն հանրապետական Ջոն Բոհները պնդում է, որ կառավարությունը պետք է տեղյակ լիներ հավելավճարների մասին մինչ այս ամսվա սկզբին ընկերությանը հավելյալ 30 միլիարդ դոլար հատկացնելը: "Նախագահի խոսնակն ասում էր, որ նրանք տեղյակ են, թե յուրաքանչյուր լումա ինչպես է ծախսվում: Ակնհայտ է, որ նրանք գաղափար անգամ չունեին”, ասել է նա:

Մինչդեռ դեմոկրատները պնդում են, որ ամենուր կարելի է մեղավորներ գտնել: Կոնգրեսական Բարնի Ֆրենքն ասում է, որ Էյ-Այ-Ջի-ին հատկացված աջակցության չորս փաթեթներից երեքը հատկացվել է Բուշի վարչակազմի օրոք: "Սեպտեմբեր ամսին Կենտրոնական բանկը, առանց խորհրդակցության կամ հայց ներկայացնելու, հայտարարեց, որ Էյ-Այ-Ջի-ին 80 միլիարդ դոլար է հատկացնելու”, ասել է նա:

Էյ-Այ-Ջի-ի հավելավճարների նկատմամբ զազրանքն իր գագաթնակետին հասավ երկուշաբթի օրը, երբ հանրապետական սենատոր Չարլզ Գրեսլին Էյ-Այ-Ջի-ի ղեկավարությանը կոչ արեց հրաժարական տալ կամ ինքնասպան լինել:

Եվ երեքշաբթի օրը, երբ Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռեյդը Էյ-Այ-Ջի-ին պայմանագրերը վերանայելու վերջնագիր ներկայացրեց: "Եթե նրանք այդպես չվարվեն, Սենատի ֆինանսների գծով հանձնաժողովի նախագահ Բաքուսը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որը թույլ կտա 24 ժամվա ընթացքում հետ վերադարձնել այդ գումարները հարկատուներին` հավելավճարների համար 90 տոկոսից ավելին տույժ նախատեսելով”, նշել է նա:

Ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը օրենսդիրները որոշակի պատասխաններ կստանան, երբ Էյ-Այ-Ջի-ի նոր Գլխավոր գործադիր տնօրենը ցուցմունք կտա Կոնգրեսի առջև:

XS
SM
MD
LG