Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին դրսևորումները հաղթանակի համար կարևորագույն դեր ունեցող նահանգներում


Երեքշաբթի օրը կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հիմնական երկու թեկնածուներն իրենց վերջին ելույթներն են ունենում այն նահանգերում, որտեղ մրցակցությունը չափազանց բարձր է: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնի ուշադրության կենտրոնում են մոտ մեկ տասնյակ նահանգներ, որոնց արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ ընտրության վերջնական արդյունքների վրա:

ԱՄՆ-ի Փենսիլվանիա, Նյու Հեմփշիր և Ֆլորիդա նահանգներում Ջոն Մքքեյնը խիստ քննադատության է ենթարկել հակառակորդ սենատոր Օբամայի հարկային քաղաքականությունը, որը նրա մեկնաբանմամբ նպատակ ունի վերաբաշխելու հարստությունը և ոչնչացնելու տնտեսական աճը:

Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մքքեյնն ընտրողներին տեղեկացրել է, որ նրանք ընտրություն ունեն: “Սենատոր Օբամայի նպատակն է գլխավոր վերաբաշխող դառնալ, իսկ ես պատրաստվում են գլխավոր հրամանատարը դառնալ”, ասել է Մքքեյնը Փենսիլվանիա նահանգի Սքրենթոն քաղաքում տեղի ունեցած քարոզարշավին:

Կիրակի օրը սենատոր Բարաք Օբաման անց է կացրել Օհայո նահանգում, որը վերջին 11 նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է հաղթող նախագահին: Հարցախույզների համաձայն` այս նահանգում երկու թեկնածուների միջև մրցակցությունը շատ բարձր է` ընդ որում սենատոր Օբամայի չնչին առաքելությամբ:

Դեմոկրատական կուսակցության թեկնածուի ուշադրության կենտրոնում էին տնտեսական խնդիրները և մասնավորապես բազմաթիվ ամերիկացիները մտահոգությունը ներկա ֆինանսական ճգնաժամի շուրջ: Սենատոր Օբաման ասում է, որ իր հարկային ծրագիրը հարկային նվազեցումներ է նախատեսում ԱՄՆ-ի գրեթե բոլոր աշխատավոր խավի և փոքր բիզնեսի շրջանակներում:

ԱՄՆ-ի ընդհանուր հարցախույզների համաձայն` սենատոր Օբաման առաջատար դիրքում է, ինչին և նպաստում է երկրի ներկա տնտեսական վիճակը: Սակայն մոտ տասնյակ նահանգներում մրցակցությունը չափազանց բարձր է: ԱՄՆ-ի նախագահն ընտրվում է նահանգներին հատկացված ընտրական ձայների մեծամասնության, այլ ոչ` ընդհանուր քվեների հիման վրա:

ԱՄՆ-ի ընտրություններում հաղթանակ արձանագրելու համար անհրաժեշտ 270 ընտրական ձայներից Օհայոն ունի 20 ընտրական ձայնի իրավունք: Ելույթ ունենալով Օհայո նահանգի Քլիվլենդ նահանգում` սենատոր Օբաման ներկա սատարողներին հորդորել է անպայման մասնակցել քվեարկությանը: “Մեր երկրի համար այս որոշիչ պահին դուք կարող եք ձեր ձայնը լսելի դարձնել և փոփոխություններ պահանջել: Դա կարող է սկիզբ առնել այստեղից` Օհայոյի Քլիվլենդ նահանգից”, ասել է նա:

Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու Սարա Փեյլինը քարոզարշավ է անց կացրել Օհայո նահանգի փոքր քաղաքներում, իսկ Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդիպումներ է ունեցել Ֆլորիդա նահանգում:

Մինչդեռ շուրջ երկու տարի շարունակվող ընտրարշավը մոտենում է իր ավարտին, երկու կուսակցությունների թեկնածուները ջանք չեն խնայում մարդկանց համոզելու մասնակցել ընտրություններին: ԱՄՆ-ի 34 նահանգներում արդեն իսկ սկսվել են վաղ ընտրությունները:

Սենատոր Մքքեյնի ընտրարշավի ղեկավար Ռիկ Դեյվիսի կարծիքով, դեռևս մեծ դեր կարող են խաղալ 2004թ. ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին քվեարկած Օհայո, Ֆլորիդա և Վիրջինիա նահանգները: Մինչդեռ սենատոր Օբամայի ընտրարշավի ղեկավար Դեյվիդ Փլուֆը տեղեկացրել է, որ ընտրարշավի վերջին 48 ժամերի ընթացքում իրենց ուշադրության կենտրոնում դեռևս որոշում չկայացրած ընտրողներն են: Այդ իսկ նպատակով նրանք շարունակելու են շեշտել սենատոր Օբամայի տնտեսական ծրագիրը և ձգտելու են, որ երեքշաբթի օրը ընտրողների աննախադեպ թիվ արձանագրվի:

Երկուշաբթի օրը Ջոն Մքքեյնը պատրաստվում է այցելել 7 նահանգներ և այնուհետև վերադառնել իր հայրենի Արիզոնա նահանգը: Բարաք Օբաման քարոզարշավը կշարունակի Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա և Վիրջինիա նահանգներում, իսկ ընտրությունների օրը կանցնացնի տանը` Չիկագոյում:

XS
SM
MD
LG