Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի և արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը մատնանշել է Թուրքիայի կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար:
"Նախագահ Օբաման ինձ խնդրել է Ձեզ իր անձնական խոսքը հղեմ` ի նշան Թուրքիայի հետ բարեկամությանը մեր հատկացրած բարձր արժեքին: Նախագահ Օբաման Թուրքիա կժամանի գալիք ամսվա ընթացքում”, ասել է նա:
Վերլուծաբանների կարծիքով` Օբամայի այս այցը ծրագրված է` որպես էական քայլ Բուշի վարչարարության օրոք մեծապես տուժած թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավմանն ընդառաջ:
Մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող այս երկիրը Իրաքում պատերազմի մեկնարկից հետո չէր թույլ տվել, որպեսզի ԱՄՆ-ը օգտագործի Թուրքիայի տարածքը` Իրաքի հարձակումների համար:
Ընդհանուր առմամբ Թույքիայի բնակչությունը շատ քննադատաբար է վերաբերվում Իրաքի ներխուժման հարցին: Հարցախույզների համաձայն` Թուրքիայում հակաամերիկյան տրամադրությունն աշխարհում ամենաբարձր մակարդակի է:Սակայն Քլինթընի այցը դիտվում է` որպես նոր էջ թուրք-ամերիկյան հարաբերություններում:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հիշատակել է Թուրքիայի դերը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցում: "Ես իմ շնորհակալությունն եմ հայտնել վարչապետին և արտգործնախարարին Սիրիային և Իսրայելին հաշտեցնելու հարցում Թուրքիայի խաղացած առաջատար դերի համար", ասել է նա:
Մեկ տարուց ավել Թուրքիան միջնորդի դեր է տարել Իսրայելի և Սիրիայի հարաբերությունների շտկման հարցում, սակայն այս տարի Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումից հետո այդ ջանքերը ձախողվեցին:
ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև գովեստի խոսքեր է ասել Աֆղանստնում Թուրքիայի զինուժի ունեցած դերի առնչությամբ: "Թուրքիան մեծ ներդրում ունի Աֆղանստանը կայունացնելուն ուղղված երկարատև պայքարում: Հիշում եմ, երբ 2003թ. առաջին անգամ ժամանեցի Աֆղանստան, ինձ ողջունող զինվորականը Թուրքիայից էր”, ասել է նա:
Ավելի վաղ այս շաբաթ Իսրայել և Արևմտյան ափ կատարած իր այցի ժամանակ պետքարտուղար Քլինթընն ընդգծել է Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացում Թուրքիայի դերի կարևորուրությունը: Նա նաև նպատակ ունի ապավինել Թուրքիայի աջակցությանն առ այն, որպեսզի վերջինս հարևան պետություններին համոզի թույլ տալ իրենց տարածքն օգտագործել` որպես Աֆղանստանում պատերազմի համար մատակարարման ուղիներ: