Մատչելի հղումներ

Երբեմնի արդյունաբերական քաղաքը փորձում է շրջակա միջավայրին բարենպաստ զարգացման ուղի ընտրել


Օհայո նահանգի Թոլիդո քաղաքը ԱՄՆ-ի ամենահին արդյունաբերական քաղաքներից է, որն արդեն տասնամյակներ շարունակ անկում է ապրում: Ապակու և ավտոմեքենաների արտադրությամբ հայտնի այս քաղաքը փորձում է վերագտնել իր դեմքը: Արդյունաբերական ճյուղերի անկման հետ մետկեղ հազարավոր աշխատեղեր վերացան, սակայն մի քանի ղեկավարներ հանձն առան և գտան քաղաքի աճի նոր բնագավառ, այն է` արևային էներգիայի տեխնոլոգիաների զարգացումը: Այստեղ արդեն աշխատում են արևային էներգիայով զբաղվող մի քանի ընկերություններ:

Թոլիդոն գտնվում է վերականգնվող էներգիայի վերածննդի ուղու վրա: Ժունլայթը Թըլիդոյի այն նորաստեղծ ընկերություններից է, որոնք զբաղվում են արևային մարտկոցների արտադրությամբ: Ժունգմինգ Դենգը Ժունլայթ կորպորացիայի նախագահն է:

Նրա կարծիքով` Թոլիդոն հարմար է արևային էներգիայի արտադրության ընկերության համար, քանի որ բազմաթիվ հմուտ մարդիկ կան, ովքեր հմտություն են ձեռք բերել մեքենայաշինության և ապակու արդյունաբերության բնագավառում աշխատելով: Պարզապես արդյունաբերության ճյուղն է այժմ փոխվել:

19-րդ դարի սկզնբերին Թոլիդոն հայտնի էր` որպես ԱՄՆ-ի ապակեգործության մայրաքաղաք: Այստեղ է ծնունդ առել մեծածավալ ցածրարժեք ապակու արտադրությունը: Ավելի ուշ մեծ թափ է առել ավտոարդյունաբերությունը: Սակայն երկու ճյուղերի անկման հետ մեկտեղ տուժել է նաև Թոլիդոն: Գործազրկությունը 12 տոկոս է, ինչը, ԱՄՆ-ի միջինի հետ համեմատությամբ, բավականին բարձր տոկոս է:

Սակայն Նորման Ջոնսթոնի նման ձեռներեցները կարծում են, որ ապակին նորից կարող է դառնալ Թոլիդոյի ապագան: Նա ցանկանում է Թոլիդոն մարող արդյունաբերական քաղաքից դարձնել ԱՄՆ-ի վերարտադրվող էներգիայի կենտրոնը: Նրա ղեկավարած Սոլար Ֆիլդս ընկերությունը փորձում է բարակ ժապավենի կիրառմամբ արևային էներգիայի տեխնոլոգիա մշակել:

Ապակե մարտկոցները պատվում եմ քիմիական հատուկ նյութերով, որոնք արևի լույսի ազդեցության տակ էլեկտրական հոսանք են բաց թողնում:

Նորման Ջոնսթոնն ասում է, որ մի քանի տարի առաջ բարակ ժապավենը շուկայի երկու տոկոսն էր զբաղեցնում, այսօր այն արդեն տաս տոկոսից ավելին է, քանի որ դա ամենաէժան միջոցն է արևային մարտկոցներ պատրաստելու համար:

Այս զարգացումների արդյունքում վեց հազարից ավելի նոր աշխատատեղ է ստեղծվել: Նորմի կարծիքով` այդ թիվը կշարունակի աճել հաջորդ հինգ տարիների ընթացքում: Տարածաշրջանային աճի գործընկերության նախագահ Սթիվ Ուեդերսն ասում է, որ Թոլիդոյում արևային տեխնոլոգիաների մշակման մեջ ներգրավված է ողջ համայնքը:

Նրա խոսքերով` համագործակցում են մասնավոր, հանրային և գիտական հատվածները, և նույնիսկ համայնքը: Բոլորն էլ իրենց մասնակցությունն ունեն այս արդյունաբերության աճի մեջ և գիտակցում են այս նոր տեխնոլոգիայի արժեքը, քանի որ այն նոր աշխատատեղեր և տնտեսական աճ կստեղծի բոլորի համար:

Ժունլայթ և Սոլար Ֆիլդսը ընկերություններն սկիզբ են առել Թոլիդոյի համալսարանին կից, որը ԱՄՆ-ում արևային տեխնոլոգիաների ուսումնասիրության ամենահանրահայտ ծրագիրն ունի: Նորմ Ջոնսթոնն ասում է, որ Սոլար Ֆիլդսի համագործակցությունը համալսարանի հետ վճռական դեր է խաղացել ընկերության հաջողության համար:

Ժունգմինգ Դենգը Թոլիդոյի համալսարանի դասախոսներից է: Նա կարծում է, որ արևային էներգիայի տեխնոլոգիաների աճը կախված է սարքավորումների ցածր արժեքից: “Մենք գիտակցում ենք, որ արևային էներգիայի տարածումը մեծապես կախված է ստացվող արդյունքի ինքնարժեքից: Այդպիսով, շատ կարևոր է, որ նվազագույնի հասցվեն արտադրության ծախսերը”, ասում է նա:

Ժունլայթ և Սոլար Ֆիլդս ընկերությունները դեռևս գործունեության սկզբնական փուլում են: Սոլար Ֆիլդսը համագործակցում է գերմանական մի ընկերության հետ, որը գործարան է կառուցում նախկին Արևելյան Գերմանիայի տարածքում: Երկու ընկերություններն էլ ձգտում են հաջորդ տարի խթանել արտադրությունը և այդպիսով բարելավել Թոլիդոյի կենսակերպը:

XS
SM
MD
LG