Մատչելի հղումներ

 
Ավագ շաբաթվա տոնակատարությունների առթիվ հազարավոր քրիստոնյաներ ժամանել են Երուսաղեմի Հին քաղաք

Ավագ շաբաթվա տոնակատարությունների առթիվ հազարավոր քրիստոնյաներ ժամանել են Երուսաղեմի Հին քաղաք


Ավագ շաբաթվա տոնակատարությունների առթիվ Երուսաղեմի Հին քաղաքի փողոցները լի էին հազարավոր քրիստոնյա ուխտագնացներով: Շատերի համար այս ուխտագնացությունը մեծ զոհաբերություն էր ներկա ճգնաժամի պայմաններում:

Ծիսակատարությունները կրկնվում են շուրջ երկու հազարամյակ: Քրիստոնյա ուխտագնացներն անցնում են Խաչի ճանապարհով` այն աստիճաններով, որոնցով Քրիստոսը, անարգանքի և չարչարանքների ենթարկվելով, բարձրացել է դեպի այն բլուրը, որտեղ նրան խաչել են:

Ավագ ուրբաթ օրը, ինչպես և միշտ, պատարագն անց է կացվում արաբերենով, որը տեղացի քրիստոնյաների լեզուն է:

Հազարավոր մարդիկ էին ժամանել այլ վայրերից: Արևմտյան Աֆրիկայից ժամանած ուխտագնացները մտաբերում էին Քրիստոսի տառապանքները: Համաշխարհային այս ճգնաժամի պայմաններում նրանց ուխտագնացությունը մեծ զոհաբերություն էր պահանջել:

Փղոսկրի ափից կաթոլիկ ուխտագնաց Ժան Քլոտեղ Թետիալիի խոսքերով. "Ես զոհաբերություն եմ արել այստեղ գալու համար, բայց Աստված անգին է: Ես այստեղ եմ եկել Քրիստոսի համար”:

Իսրայելի տուրիզմի նախարարի տվյալների համաձայն` վերջին ութ տարիների ընթացքում 43 տոկոսով ավելացել է քրիստոնյա ուխտագնացների հոսքը: Սակայն, տեղացի առևտրականներն ասում են, որ դա այդպես չէ. առնվազն այս տարի դա այդպես չէ:

"Գործերն այդքան էլ լավ չեն: Ինչպես տեսնում եք, փողոցները դատարկ են: Այս տարի զբոսաշրջիկներն այդքան էլ շատ չեն: Չգիտեմ, գուցե աշխարհի ընդհանուր վիճակից է, գուցե և` Իսրայելի”, խոստովանել է հուշնվերների խանութի սեփականատեր Հանին:

Իսրայելի մահմեդական մասով անցնող քրիստոնյա ուխտագնացների թափորներին ուղեկցում էին Իրսայելի անվտանգության ուժերը, ինչը Սուրբ հողում առկա լարվածության հերթական հիշեցումն էր: Բազմաթիվ ուխտագնացներ խոստովանում էին, որ նաև աղոթում են խաղաղության հաստատման համար:

Քաղաքի հրեական մասում հրեական Զատկի տոնի առթիվ հազարավոր մարդիկ էին եկել` այցելելու Լացի պատը, որը հուդաիզմի ամենասուրբ վայրն է: Զատկին հրեաները տոնում են ազատությունը և Աստծո կողմից Եգիպտոսում հրեաների ազատումը ստրկությունից:

Հրեա ներկաներից մեկը նշել է, որ իրեն, որպես հրեա, մտահոգում է պաղեստինցիների կացությունը և ազատության ձգտումը: "Պաղեստինցիներն ազատության են ձգտում, քանի որ վատ վիճակում են: Այդ իսկ պատճառով, որպես հրեաներ, մենք աղոթում ենք մեր ազատության համար, բայց միևնույն ժամանակ աղոթում ենք, որ իրենք էլ ազատություն ստանան”, մասնավորապես ասել է նա:

Զատկի տոներին մոտ մեկ շաբաթով Իսրայելը փակել էր Արևմտյան ափի մեծ մասը` պատճառաբանելով հնարավոր ահաբեկչության սպառնալիքները: Դա նշանակում է, որ առայժմ պաղեստինցիները Սուրբ քաղաք չենք կարող մտնել:

XS
SM
MD
LG