Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ելույթ է ունեցել Արիզոնայի պետական համալսարանի 2009թ. շրջանավարտների առջև


Արիզոնայի պետական համալսարանում ելույթ ունենալով` նախագահ Օբաման բազմաթիվ խորհուրդներ է տվել 2009թ. շրջանավարտներին: Տնտեսական անկայունության պայմաններում` նախագահը 2009թ. շրջանավարտներին կոչ է արել իրենց լուման ներդնել իրավիճակի բարելավման օգտին:

"Այս դժվարին պայմաններում ստիպված կլինեք առավել մեծ ջանքեր ներդնել, սակայն արդյունքում նոր տաղանդներ կբացահայտեք ձեր մեջ”, նշել է նա:

Դա շրջանավարտներին ուղղված դասական ելույթ էր` լի խրախուսիչ խոսքերով և զերծ քաղաքական խոստումներից:

Նա մասնավորապես ասել է. "Մեր կերտած առաջնորդներն ու հարատև հաստատությունները ոչ թե անձնական շահի հետապնդման, այլ` որևէ հեռահար նպատակին նվիրվածության արդյունք են”:

Նախագահ Օբաման շրջանավարտներին հորդորել է կյանքում առաջնորդվել ոչ թե փողով կամ հանրահայտությամբ, այլ` բարձր արժեքներով:

"Ձեր սերունդը պետք է ձգտի գերադասել էականը նյութականից, բնավորությունը հանրաճանաչությունից, հեռահար ձեռքբերումները կարճաժամկետ շահերից”, իր ելույթում նշել է նախագահը:

Մայիս ամսին նախագահը նման ևս երկու ելույթ կունենա, սակայն համալսարաններից մեկում` Ինդիանա նահանգի Նոթեր Դամ համալսարանում, նրան նման ջերմ մթնոլորտ չի սպասվում: Համալսարանը սերտ կապեր ունի Կաթոլիկ եկեղեցու հետ, որը դեմ է հղիության արհեստական հատմանը: Ակնկալվում է, որ այդ օրը բազմաթիվ ցուցարարներ իրենց դժգոհությունը կուղղեն հղիության արհեստական հատման իրավունքի կողմնակից նախագահին:

XS
SM
MD
LG