Մատչելի հղումներ

Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին համակարծիք են Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի շուրջ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին համաձայնություն են ձեռք բերել Մերձավոր Արևելքում երկու առանձին պետությունների հաստատման միջոցով խաղաղություն հաստատելու, ինչպես նաև Իրանի միջուկային զենքի մշակման կանխման շուրջ:

Երկու նախագահների հանդիպումը կայացել է Նորմանդիայում, որտեղ շաբաթ օրը տեղի ունեցան Համաշխարհային երկրորդ պատերազմում դաշնակից ուժերի Ֆրանսիա ներխուժելու 65-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Նիկոլա Սարկոզին “ցնորք” է անվանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այն հայտարարությունները, որ Իսրայելը պետք է ոչնչացվի քարտեզի երեսից: Ֆրանսիայի նախագահը նաև կողմ է արտահայտվել նախագահ Օբամայի այն հորդորներին, որ Իսրայելը դադարեցնի Արևմտյան ափում վերաբնակիչների բնակավայրերի կառուցումը:

Նախագահ Օբաման նշել է, որ երկու կողմերը պետք է առաջ շարժվեն Իրսայելի և պաղեստինցիների միջև ստեղծված ներկայիս փակուղուց: Բացի այդ, նա կրկին կոչ է արել պաղեստինցիներին զերծ մնալ բռնություններից և ցույց տալ, որ ի վիճակի կլինեն հարգել բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությունները:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները որոշում են կայացրել համագործակցել մի շարք խնդիրների, այդ թվում` տնտեսության իրավիճակի բարելավման շուրջ:

XS
SM
MD
LG