Մատչելի հղումներ

Օբաման կոչ է անում, որ երկրի բյուջեն արտացոլի իր կողմից ներկայացված առաջնահերթությունները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Կոնգրեսին հաստատել ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը` իր ներկայացրած առաջնահերթություններին համահունչ:

Նախագահը պահանջում է, որպեսզի վերջնական բյուջեն նախատեսի դաշնային դեֆիցիտի կրճատում, առողջապահության և կրթական համակարգերի բարեփոխումներ, ինչպես նաև նպաստի ԱՄՆ-ի` արտասահմանյան նավթից կախվածության նվազեցմանը:

Սակայն հանրապետականներն ասում են, որ նախագահի 3.6 տրիլիոն դոլար արժողությամբ բյուջեի նախագիծը մեծ ծախսեր և չափազանց շատ հարկահավաք և փոխառություններ է նախատեսում:

Օգտագործելով իր ամենշաբաթյա ելույթը` նախագահ Օբաման փորձել է հանրության ուշադրությունը բևեռել բյուջեի նախագծի և Կոնգրեսի կողմից դրա ընդունման վրա, քանի որ անցյալ շաբաթ բանկաֆինանսական համակարգում հավելավճարների շուրջ բարձրացված աղմուկի պատճառով բյուջեի հարցը դուրս էր մնացել հանրության ուշադրությունից:

Նախագահն ասում է, որ բյուջեի նախագիծը ապահովում է “…Ամերիկայի այնպիսի տեսլական, երբ տնտեսական աճը կախված է ոչ թե անշարժ գույքի և բանկային համակարգերի անիրական եկամուտների կուտակումից, այլև` էներգետիկայի, կրթության և առողջապահության բնագավառում ներդրումների արդյունքում ստեղծված կայուն հիմքից: Ահա դա է իրական և կայուն հարստության գրավականը:”

Որոշ հանրապետականներ համամիտ չեն: Միսիսիպի նահանգի նահանգապետ Հեյլի Բարբըրն ասում է, որ նախագահ Օբամայի բյուջեն չափազանց մեծ ծախսեր, հարկեր և փոխառություններ է նախատեսում: “Նոր վարչակազմի բյուջեն միայն հաջորդ տարվա համար 1.2 տրիլիոն դեֆիցիտ կառաջացնի, ինչը նախորդ բյուջեների համեմատությամբ եռապատիկ թիվ է կազմում”, ասել է նա:

Կոնգրեսի Բյուջեի գրասենյակն ուրբաթ օրը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը սեպտեմբերին ավարտվող ֆինանսական տարվա դրությամբ կդառնա 1.8 տրիլիոն դոլար, իսկ նախագահ Օբամայի բյուջեն կառաջացնի գալիք տաս տարիների ընթացքում 9.3 տրիլիոն դոլարին համարժեք դեֆիցիտ:

Այդուհանդերձ, նախագահն ասում է, որ իր ծրագիրն անդրադառնում է Ամերիկայի իրական պահանջներին և խնդիրներին: “Մեր առջև ծառացած խնդիրները չափազանց մեծ են և լուրջ, և մենք չենք կարող դրանք արհամարհել: Ես չեմ եկել դրանք հաջորդ սերունդներին փոխանցելու, ես եկել եմ դրանք լուծելու համար”, նշել է նախագահը:

XS
SM
MD
LG