Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի միջև երկրորդ հեռուստաբանավեճի ընթացքում բազմաթիվ էին խիստ տարաձայնությունները:
Հանդիսատեսի հետ հարցուպատասխանի ձևաչափ ունեցող հեռուստաբանավեճը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի Բելմոնթ քոլեջում: Հեռուստաբանավեճը մենկարկեց համընդհանուր տնտեսական ճգնաժամի շուրջ քննարկումով և ավարտվեց արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների արծարծմամբ:
Սա Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մքքեյնի և Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բարաք Օբամայի միջև երկրորդ հեռուստաբանավեճն էր: Այն տեղի է ունեցել ԱՄՆ-ի հարավում գտնվող Թենեսի նահանգում մի խումբ չկողմնորոշված ընտրողների ներկայությամբ: Ներկաներին հնարավորություն էր տրված հարցեր ուղղել թեկնածուներին: Այս ամենը տեղի է ունեցել, երբ տնտեսությունը խիստ ճգնաժամ է ապրում:
Նյու Յորքի բորսայի փակումը ազդարարող զանգը մեկ անգամ ևս արձանագրեց արժեթղթերի գնի խիստ անկումը Կոնգրեսի կողմից ֆինանսական շուկայի խնդիրների լուծմանն ուղղված 700 միլիարդ արժողությամբ ծրագրի հաստատումից ընդամենը մի քանի օր հետո:
Դա զգացվում էր նաև հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցված հարցերից:
“Ինչպես մենք կարող ենք ձեզնից որևէ մեկին վստահել մեր գումարները, երբ երկու կուսակցությունն էլ պատասխանատու են համընդհանուր տնտեսական ճգնաժամաի համար”, հարցրել է հեռուստաբանավեճի մասնակից Թերեզա Ֆինչը:
Մեկ այլ մասնակից Ալեն Շեֆըր հարցը հետևյալն է եղել. “Որն է ամենաարագ և ամենադրական լուծումն այս մարդկանց տնտեսական ձախողումից փրկելու համար”:Երկու թեկնածուներն էլ նկատեցին ընտրողների ցինիզմը: Երկուսն էլ նշեցին, որ կփորձեն օգնել շարքային ամերիկացիներին դուրս գալ, ինչպես Օբաման ասաց, Մեծ ճգնաժամից հետո ամենավատ ֆինանսական ճգնաժամից:
"Միջին խավին փրկելու փաթեթ է անհրաժեշտ, ինչը նշանակում է, որ միջին խավի համար հարկային արտոնություններ են անհրաժեշտ”, ասել է սենատոր Օբաման: Ջոն Մքքեյնն իր հերթին նշել է, որ կհանձնարարի կառավարությանը գնել հիփոթեքային հիմքերով վաճառված և ձախողման ենթակա տները և նոր փոխառություններ տրամադրել:
Թեկնածուները տարակարծիք էին, թե ով պետք է ավելի շատ եկամտահարկ մուծի: Օբաման առաջարկում է առավել բարձր հարկեր հարուստների համար:
"Պարզապես անհնար է հասկանալ սենատոր Օբամայի առաջարկները հարկերի բնագավառում”, նշել է Մքքեյնը:
Սենատոր Մքքեյնի կարծիքով Օբաման կողմնակից է հարկային դաշտն ընդարձակելուն: Մինչդեռ Օբաման իր հակառակորդին մեղադրել է ընտրողներին ապակողմնորոշելու մեջ: Էներգառեսուրսների մասին խոսելիս երկու թեկնածուներն էլ ընդունել են նավթի փոխարինող այլ ռեսուրսների անհրաժեշտությունը:
“Սենատոր Մքքեյն ու ես կարծես այս հարցում համամիտ ենք: Նա որոշ ժամանակ առաջ ասել էր, որ էներգառեսուրսներին առնչվող ամենամեծ խնդիրը շուրջ 30 տարի Վաշինգտոնի քաղաքական գործիչների անգործությունն է: Սակայն սենատոր Մքքեյնը չի նշել, որ շուրջ 26 տարի այդ գործիչներից մեկն է նա եղել”, ասել է Օբաման:Սենատոր Մքքեյնը հիշատակել է էներգառեսուրսներին վերաբերող մի օրենսդրական ակտ, որը նրա կարծիքով շատ բարենպաստ էր նավթարդյունաբերական ընկերությունների համար: “Իսկ գիտեք` արդյոք ով է քվեարկել դրա օգտին: Կարող է երբեք չկռահեք: Այն մեկը: Իսկ ով է դրան դեմ քվեարկել: Ես”, ասել է Մքքեյնը:Իրաքի պատերազմի առնչությամբ երկու թեկնածուներն էլ արտահայտել են արդեն իսկ ծանոթ դիրքորոշումներ: Մքքեյնը պնդել է, որ նա ճիշտ որոշում է կայացրել անցյալ տարի զորամիավորումների թվի աճի օգտին քվեարկելով, իսկ Օբաման նշել է, որ Իրաք ներխուժելու որոշումն է սխալ եղել:
Հակասություններ կային նաև Օբամայի այն հայտարարության շուրջ, որ նա պատրաստակամ է ներխուժել Պակիստան` Ալ Քայդայի առաջնորդ Օսամա բին Լադենին սպանելու նպատակով, ինչը Մքքեյնը ծիծաղի առարկա դարձրեց:
“Այժմ սենատոր Մքքեյնն ասում է, որ ես սկսնակ եմ, որ չեմ ընդունում նրա ծանրակշիռ փորձը և պատասխանատվության զգացումը: Խոսքը սենատոր Մքքեյնի մասին է, որ վանկարկում էր. “Ռմբակոծել, ռմբակոծել, ռմբակոծել Իրանը”, հիշատակել է սենատոր Օբաման: Մինչդեռ Մքքեյնը նշել է, որ պարզապես կատակել է պատերազմի տարիներից իր հին ընկերներից մեկի հետ: “Սակայն, խնդրի էությունն այն է, որ ես կարող եմ նման ճգնաժամերից պատվով դուրս գալ”, ասել է նա:
Մինչ ընտրարշավի ավարտին չորս շաբաթ է մնացել, հանրային հարցումների արդյունքների համաձայն` սենատոր Օբամայի աջակիցների թիվը սկսել է աճել: Երկու թեկնածուների միջև վերջին հեռուստաբանավեճը տեղի կունենա հաջորդ շաբաթ: