Մատչելի հղումներ

Բարաք Օբամայի պաշտոնամուտի տոնակատարությունները


Շաբաթ օրը մեկնարկում է նորընտիր նախագահ Բարաք Օբամայի պաշտոնամուտի չորսօրյա տոնակատարությունը: Այն կսկսվի մեկօրյա երկաթուղային ճանապարհորդությունով դեպի Վաշինգտոն ճիշտ այն ուղով, որով Բարաք Օբամայի քաղաքական հերոս Աբրահամ Լինկոլնն անցել է իր պաշտոնամուտի ժամանակ:

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի պաշտոնամուտին նախորդող այս վերջին ճանապարհորդությունը կսկսվի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքից: Ըստ Նախագահի պաշտոնամուտի հարցերով հանձնախմբի խոսնակ Նատալի Ուայեթի` ակնկալվում է, որ Ֆիլադելֆիայում և հաջորդ երեք կանգառներում ահռելի զանգվածներ կհավաքվեն` ողջունելու նորընտիր նախագահին և նորընտիր փոխնախագահ Ջո Բայդենին:

“Ամեն ինչ իհարկե սկսվում է Ֆիլադելֆիայից` մեր պետության ծնդդավայրից: Այնուհետև կանգառ կլինի Ուիլմինգթոնում` ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահի ծննդավայրում, որից հետո մինչև վերջնակետ` Վաշինգտոն, հասնելը կանգառ կլինի նաև Բալթիմոր քաղաքում”, տեղեկացրել է Նատալի Ուայեթը:

Մասնավորապես, նա նշել է, որ նորընտիր նախագահի գնացքը կանցնի նույն ուղով, որով ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին` 1861թվականին, գաղտնի կերպով անցել է Աբրահամ Լինկոլնը` փորձելով խուսափել հնարավոր մահափորձից: Աբրահամ Լինկոլնի հետ Բարաք Օբամայի կապի նշանավորությունը պայմանավորված է ոչ միայն այն պատճառով, որ երկու նախագահներն էլ Իլինոյս նահանգից են, այլ նաև` այն հանգամանքով, որ Լինկոլն է ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրկությանը վերջ դնելու հրամանը:

“Կարծում եմ` նորընտիր նախագահի համար կարևոր էր պաշտոնամուտի տոնակատարությունը մեկնարկել Լինկոլնի հետ պատմական կապ ունեցող որևէ միջոցառումով”, ասել է Նատալի Ուայեթը:

Ակնկալվում է, որ կիրակի օրը նույնպես շատ մեծ թվով` մոտ մեկ միլիոնից ավել, մարդիկ ներկա կլինեն Լինկոլնի հուշարձանի մոտ կայանալիք բացօթյա համերգին` չնայած Վաշինգտոնի ցրտաշունչ եղանակին: Նախնական տվյալների համաձայն` նորընտիր նախագահը ողջույնի խոսքով հանդես կգա միջոցառման հանդիսատեսների առջև, իսկ համերգին ելույթ կունենան Բոնոն, Բիոնսեն, Սթիվի Ուանդերը և Բրյուս Սփրինգսթինը:

Լինկոլնի հուշարձանի մոտ է նաև տեղի ունեցել իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի 1963 թվականի “Ես մի երազանք ունեմ” հանրահայտ ելույթը: Ի դեպ, վերջինիս ծննդյան օրը, որպես ազգային տոն, կնշվի գալիք երկուշաբթի:

Ըստ նախնական հաշվարկների` Բարաք Օբամայի, որպես ԱՄՆ-ի 44-րդ նախագահ, երդմնակալությանը և դրան հաջորդող շքերթին ներկա կլինի մոտ երկու միլիոն մարդ:

Սակայն նման բազմամարդ միջոցառումներն առավել խիստ անվտանգության երաշխիքներ են ենթադրում: Երեքշաբթի օրը դեպի Վաշինգտոն տանող բազմաթիվ կամուրջներ և ճանապարհներ փակ կլինեն, իսկ քաղաքում իրականացվող միջոցառումները կհսկեն հազարավոր ոստիկաններ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ Բրայըն Ուիթմանը տեղեկացրել է, որ ոստիկաններին կից կգործեն նաև 18,000 զինվորներ, մինչդեռ շուրջ 14,000 զինուժ պատրաստ վիճակում կլինի` միջամտելու որևէ արտակարգ իրավիճակի դեպքում:

Պետանվտանգության գծով վերլուծաբան Դեյվիդ Հեյմանը հավատացած է, որ ներքին անվտանգության ծառայությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել` երաշխավորելու Բարաք Օբամայի, նրա կնոջ և երեխաների անվտանգությունը:

Տոնակատարությունները կշարունակվեն մինչև երեքշաբթի ուշ երեկոյան և կեզրափակվեն բազմաթիվ պաշտոնական պարահանդեսներով:

Իսկ չորեքշաբթի առավոտյան նոր նախագահը կսկսի իր պաշտոնավարությունը` ընդունելով երկու պատերազմների և ճգնաժամի մեջ գտնվող տնտեսության մարտահրավերները:

XS
SM
MD
LG