Մատչելի հղումներ

Օբաման կոչ է արել սահուն կերպով իրականացնել Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի հաստատման գործընթացը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ԱՄՆ-ի Սենատին Գերագույն դատարանի դատավորի իր ներկայացրած թեկնածուին հաստատել այնպիսի ժամանակահատվածում, որը նրան թույլ կտա մասնակցել Դատարանի` այս տարվա հոկտեմբերին մեկնարկող նստաշրջանի ընթացքում քննարկվելիք դատական գործերի ընտրության գործընթացին:

Իր շաբաթական ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ “վստահ է”, որ Սոնյա Սոթոմեյորը “ճիշտ ընտրություն է” պետության բարձրագույն դատական ատյանի համար:

Նա հիշատակել է տիկին Սոթոմեյորի լայնածավալ փորձառությունը դաշնային դատական համակարգում, ինչպես նաև նրա արտասովոր հաջողությունները կյանքում` հաշվի առնելով այն փաստը, որ նա մեծացել է Պուերտո Ռիկոյից գաղթած ծնողների սոցիալապես անապահով ընտանիքում:

Նախագահ Օբաման նշել է, որ տիկին Սոթոմեյորին քննադատողները փորձում են վարկաբեկել նրան, սակայն նա համոզվածություն է հայտնել, որ այդ փորձերը կձախողվեն:

Եթե նրա թեկնածությունը հաստատվի, 54-ամյա Սոնյա Սոթոմեյորը կդառնա Գերագույն դատարանի պատմության ընթացքում առաջին լատինական ծագում ունեցող ներկայացուցիչը և երրորդ կին դատավորը:

Հանրապետական կուսակցության որոշ անդամների մեկնաբանությամբ` Սոթոմեյորի այն մեկնաբանությունները, որ լատինական ծագում ունեցող կինը կարող է առավել լավ եզրահանգումների հանգել, քան սպիտակամորթ տղամարդը, սեռական և ռասայական հիմքերով խտրականություն են ենթադրում:

Նախագահ Օբաման Սոնյա Սոթոմեյորի թեկնածությունն առաջադրեց` փոխարինելու դատավար Դեյվիդ Սաութերին, ով պատրաստվում է թոշակի անցնել: Ակնկալվում է, որ Սենատում դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը բավարար կլինի նրա թեկնածության հաստատման համար:

XS
SM
MD
LG