Մատչելի հղումներ

Վաղաժամ ծնունդների թիվն աճում է


Նոր ուսումնասիրության համաձայն` յուրաքանչյուր տարի վաղաժամ ծնվելու պատճառով ավելի քան մեկ միլիոն երեխա է մահանում: Վաղաժամ ծնունդների թիվն ամենաբարձրն է Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում:

Աշխարհում գրեթե 13 միլիոն վաղաժամ ծնված երեխաների ծնողները չգիտեն, թե արդյոք նրանց երեխաները կապրեն այնքան, որ հիվանդանոցից դուրս գրվեն:

Առողջ ծնելիությունը խթանող “Մարշ օֆ դայմս” կազմակերպության խոսքերով` նորածինների գրեթե տաս տոկոսը ծնվում է վաղաժամ, ինչը կազմում է նորածինների մահացության դեպքերի մեկ երրորդը:

“Զեկույցում առաջին անգամ բերվում են տվյալներ ամբողջ աշխարհում վաղաժամ ծնունդների վերաբերյալ. յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 13 միլիոն երեխա վաղաժամ է ծնվում, որոնցից տարեկան ավելի քան մեկ միլիոնը մահանում են”,- ասում է Մարշ օֆ Դայմս կազմակերպության աշխատակից Քրիս Հաուսենը:

Հաուսենի խոսքերով` վաղաժամ ծնունդների թիվն աճում է: Աշխարհում վաղաժամ ծնունդների ութսունհինգ տոկոսից ավելին բաժին է ընկնում Աֆրիկային:

“Հավանաբար պատճառը տարածաշրջանում ծայրահեղ աղքատությունն է և առողջապահության ցածր մակարդակը, մեծ թվով վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև այն փաստը, որ կանանց սնունդը հղիությունից առաջ և հղիության ընթացքում լիարժեք չէ”,- բացատրում է Հաուսենը:

ԱՄՆ-ում պատճառներն այլ են. աճել է երեսունհինգ տարեկանից բարձր հասակում երեխաներ ունեցողների թիվը: Նրանցից ավելի շատերն են դիմում արհեստական բեղմնավորման, ինչի արդյունքը բազմակի ծնունդներն են և վաղաժամ ծնունդի մեծ հավանականությունը:

Ըստ փորձագետների`երեխայի համար կարևոր է արգանդի մեջ անցկացրած յուրաքանչյուր օր: Հղիության 24-րդ շաբաթում կենդանի են մնում երեխաների հազիվ կեսը: 25-26-րդ շաբաթներում կենդանի մնում են երեխաների մինչև 70 տոկոսը: Սակայն այստեղ խնդիրը միայն հաջող ծնունդը չէ: Իննամյա Հիթըր Քրոյը ծնվել է 24 շաբաթական` գրեթե յոթ հարյուր հիսուն գրամ քաշով:

Հիթըրը ցածր է խոսում, քանի որ նրա ձայնալարերը վնասվել են երեք տարի շարունակ շնչառական խողովակ օգտագործելու արդյունքում: Սակայն նա չունի վաղաժամ ծնվածներին բնորոշ կյանքին վտանգ ներկայացնող այլ խնդիրներ, ինչպիսիք են` կաթվածահարությունը, կուրությունը կամ խլությունը:

Վաղաժամ ծնունդը կանխելու միջոց դեռևս չկա, սակայն “Մարշ օֆ Դայմս”-ը հավատացած է, որ հնարավոր է կրճատել մահացության և հաշմանդամության դեպքերը:

Զեկույցի հեղինակները համոզված են, որ անհրաժեշտ է առողջապահության ոլորտի աշխատողներին, քաղաքականություն մշակողներին և հենց կանանց կրթել հղիության հետ կապված բարձր ռիսկերի և վաղաժամ ծնված երեխայի հոգատարության վերաբերյալ:

XS
SM
MD
LG