Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում սոված երեխաների թիվն աճում է


Նախագահ Օբաման խոստացել է մինչև 2015թ. վերացնել մանկական սովը: Սովի դեմ պայքարող կազմակերպությունների զեկույցում քննարկվում է Ամերիկայում երեխաների շրջանում սովի առկայության պատճառները և իրավիճակի բարելավման ուղիները: Ըստ զեկույցի` Ամերիկայում յուրաքանյուր չորս երեխայից մեկի համար առողջ սնունդը հասանելի չէ:

Համայնքի կենտրոնում` Երեխաների սրճարանում կազմակերպվում են խոհարարական 6-շաբաթյա անվճար դասերը: Համայնքային կենտրոնի ղեկավար Վանդա Ֆլիբոնդսի խոսքերով` իրենց ուսանողներն անապահով ընտանիքներից են, ովքեր սովի մատնվելու վտանգի առաջ են:

Դպրոցից հետո նրանք սնվում են Երեխաների սրճարանում և սովորում ինչպես պատրաստել առողջ սնունդ իրենց ընտանիքների համար:

"Այս երեխաներից շատերն իրենք են պատրաստում իրենց քույրերի և եղբայրների կերակուրը",-պատմում է Վանդա Ֆլիբոնսը:

Երեխաների սրճարանը սնունդ ստանում է Մայրաքաղաքի մթերային պահուստից, որտեղ կարող ես գտնել ցանկացած սնունդ` կաթնեղենից մինչև մսեղեն: Դրանք բոլորը նվիրաբերվել են կարիքավոր ընտանիքների համար:

Ջոդի Բալիսը մթերային պահուստի սննդակարգի փորձագետն է: Նա ասում է, որ ցածր եկամուտ ունեցողները ծախսերի մեջ հաճախ տնտեսում են սննդի հաշվին, քանի որ վարձավճարը և առողջապահական ծախսերը պարտադիր են:

"Ցածր եկամուտ ունեցող թաղամասերում թարմ և առողջ սնունդը քիչ հասանելի է, քանի որ խանութները գտնվում են այնտեղ, որտեղ մարդիկ գնումներ են կատարում",-բացատրում է նա:

Համաձայն Սովի դեմ պայքարող ազգային կազմակերպության զեկույցի` Ամերիկայում յուրաքանյուր չորս երեխայից մեկի համար առողջ սնունդը հասանելի չէ:

Ըստ սննդակարգի փորձագետների` ճիշտ սնունդ չօգտագործող երեխաները թերսնված են և դժվարություններ են ունենում ուսումնառության և առօրյա շփումների մեջ:

Զեկույցում նշվում է, որ տնտեսական անկումը վատթարացրել է վիճակը: 2007-2008 թվականներին սովի վտանգի առաջ գտնվող երեխաների թիվն ավելացել է 34 տոկոսով և ակնկալվում է, որ այն դեռ կաճի:

Սովի դեմ պայքարող ազգային կազմակերպությունը հորդորում է օրենսդիրներին վերջ տալ սովին: Նրանք ուզում են, որ պետությունը ստեղծի աշխատատեղեր, և ընդլայնի հանգստյան օրերին և ամառվա ընթացքում դպրոցներում անվճար սնունդ տրամադրելու ծրագրերը:

"Հաց աշխարհին" կազմակերպությունից Դեվիդ Բեքմանը նախագահ Օբամային հորդորում է առավել ջանք գործադրել մանկական սովը վերացնելու համար և նպատակին հասնելու համար ներգրավել ամբողջ ազգին:

Երեխաների սրճարանում կամավորները փորձում են երեխաներին տուն ուղարկել կուշտ, քանի որ հնարավոր է` օրվա ընթացքում դա լինի երեխաների միակ սնունդը:

XS
SM
MD
LG