Մատչելի հղումներ

 
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստգանից ռուսական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց նախատեսված չէ

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստգանից ռուսական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց նախատեսված չէ


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև զինադադարի համաձայնագիրը ռուսական զորքերի Վրաստանից դուրսբերման ժամանակացույց չի նախատեսում: Շաբաթ օրը նա լրագրողներին հայտնել է, որ դուրսբերումը կախված է տարածաշրջանի անվտանգության իրավիճակից:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վեց կետից բաղկացած պայմանագիրը ստորագրել է Սոչիում` Սև Ծովի ափին գտնվող նախագահական ամառային նստավայրում:

Համաձայնագիրը նախատեսում է, որ երկու կողմերը կհեռացնեն իրենց զինված ուժերը` զբաղեցնելով այն դիրքերը, որոնք գործում էին նախքան պատերազմական գործողությունների բռնկումը, երբ Վրաստանը խոշոր հարձակում գործեց Ռուսաստանի աջակցությունը վայելող Հարավային Օսիայի չճանաչված տարածքի վրա:

Պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ Անատոլի Նոգովիցինն ասել է, որ այժմ առկա են աշխատանքների վերսկսման համար անհրաժեշտ նախապայմանները: Նա ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը զինադադարի փաստաթուղթը ստացել է շաբաթ օրը և նույն օրը ստորագրել է արդեն իսկ Վրաստանի կողմից ստորագրած փաստաթուղթը` առանց որևէ փոփոխության:

Սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է լրագրողներին, որ ռուսական զորքերի դուրսբերման ժամանակացույց նախատեսված չէ` մանրամասնելով, որ դուրսբերումը տեղի կունենա “այն ժամանակահատվածում, որն անհրաժեշտ կլինի”, ինչը մասամբ կախված կլինի, արտգործնախարարի նկարագրությամբ, “անվտանգության լրացուցիչ միջոցներից”:

Առավել վաղ Նոգովիցինն ասել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը երբեք չեն հեռանա Հարավային Օսիայի և Աբխազիայի չճանաչված տարածքներից: Նա հերքել է Վրաստանի այն մեղադրանքը, որ ռուսական կողմի` զինադադարի պայմանագրի ստորագրումից ընդամենը մի քանի ժամ առաջ Ռուսաստանը ռմբակոծել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից դուրս` արևմուտքում, գտնվող առանցքային նշանակության երկաթուղային մի կամուրջ:

Միևնույն ժամանակ հեռուստատեսային պատկերներից պարզ է դառնում, որ Կասպի շրջանի կամրջի հատվածներ ոչնչացված են: Ականատեսների վկայությամբ` ռուսական զորքերը դեռևս Վրաստանի տարածքում են` Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից բավականին հեռու: Նրանք նաև նշում են, որ առանցքային կարևորության Գորի քաղաքը դեռևս ռուսական զորքերի կողմից շրջափակման մեջ է:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ը պահանջել է, որ Վրաստանից անմիջապես դուրս բերվեն ռուսական զորքերը` նշելով որ Ռուսաստանը չարագործել է իր փոքր հարավային հարևանի դեմ` ուղարկելով զորք և տանկեր:

Շաբաթ օրը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Ռուսաստանի` Վրաստանի գործողություններին ուղղված պատասխանն անվանել է “բացառապես անընդունելի”: Նա ասել է, որ Հարավային Օսիայի և Աբղազիայի չճանաչված տարածքները պետք է մնան Վրաստանի կազմում:

XS
SM
MD
LG