Մատչելի հղումներ

Շրջակա միջավայրը` աուտիզմի պատճառ


Շրջակա միջավայրը` աուտիզմի պատճառ

<!-- IMAGE -->

Անցած տասնամյակում աուտիզմի և ուղեղի զարգացման հետ կապված այլ հիվանդությունների դեպքերի քանակն աճել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: Գիտնականները կարծում են, որ այդ աճը պայմանավորված չէ գենետիկայով, նրանք հավատացած են, որ պատճառը շրջական միջավայրում թունավոր քիմիկատների աճն է:

Մանկաբույժ-նյարդաբան Մարթա Հերբերթի ղեկավարում է շրջակա միջավայրում թունավոր քիմիկատների և ուղեղի զարգացման, այդ թվում` աուտիզմի վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը:

"Գեները լիցքավորում են ատրճանակը, սակայն ձգանը քաշում է շրջակա միջավայրը",-պատկերավոր նկարագրում է Մարթան:

Տարիներ շարունակ գիտնականները կարծում էին, որ աուտիզմն ունի գենետիկական հիմքեր: Սակայն բժիշկ Հերբերթի կարծիքով` շրջակա միջավայրը կարող է վատթարացնել հիվանդությունը: Ըստ նրա` հիվանդության տարրերի բացահայտումը և դրանց փոփոխությունը վաղ հասակում կարող է որոշիչ լինել հիվանդության արտահայտման սրության աստիճանի համար:

"Մեր օրգանիզմում կա այսպես կոչված "թունազերծման համակարգ", որի միջոցով օրգանիզմն ազատվում է անցանկալի նյութերից: Դրանք կարող են լինել սեփական օրգանիզմի մթերային թափոնները, աղտոտված օդը, մթերքում առկա պեստիցիդները և այլն",-բացատրում է նա:

Պարզելու համար, թե ինչպես և երբ է ուղեղը ձեռք բերում աուտիզմ, ուսումնասիրության շրջանակում հետազոտվել են աուտիզմ ունեցող և չունեցող մանուկներ, դպրոցահասակներ և մեծահասակներ: Պարբերաբար ստուգվել է ուսումնասիրության մասնակիցների օրգանիզմում թունավոր քիմիկատների առկայությունը, ուղեղի փոփոխությունը և զարգացման շեղումները:

Վաշինգտոնում Ջորջթաուն համալսարանի բժշկական կենտրոնի հոգեբուժության պրոֆեսոր Լարի Սիլվերը ավելի քան 40 տարի ուսումնասիրում է անաշխատունակության պատճառները և ասում է, որ շրջակա միջավայրում թունաքիմիկատների առկայությունն մտահոգիչ են:

"Մեր մտահոգությունն այն է, որ այդ թունաքիմիկատները նպաստում են անաշխատունակությանը և դրանց աճին",-ասում է պրոֆեսորը:

ԱՄՆ-ում գրեթե 3 միլիոն մարդ ախտորոշված է աուտիզմով: 1994թ. աուտիզմ էր ախտորոշվում յուրաքանչյուր 1000-րդ երեխային, իսկ այսօր յուրաքանչյուր 110-րդին: Աուտիզմի միության փոխնախագահ Ջեֆ Սելի խոսքերով` պատկերը նույնն է ամբողջ աշխարհում:

"Աուտիզմի աճի պատճառը միայն գենետիկան չէ",- ասում է Սելը: "Չորս երեխաներից երկուսին աուտիզմ է ախտորոշվել, այնինչ ընտանիքում չկան դրա գեները: Տղաներիս օրգանիզմում բարձր է սնդիկի, արճիճի և թոքաբորբի զուգորդված պատվաստուկի մակարդակը":

Երկար տարիներ աուտիզմի դեմ պայքարողները համոզված էին, որ հիվանդության պատճառը պատվաստուկներն են, հատկապես` կարմրուկի դեմ պատվաստուկները: Սակայն մի շարք ուսումնասիրություններ պատվաստանյութի և աուտիզմի միջև կապ չեն հայտնաբերել:

Աուտիզմի միությունը պահանջում է վերանայել թունավոր քիմիկատների վերաբերյալ օրենսդրությունը: Սելի խոսքերով` շրջակա միջավայր են արտանետվում 82 հազարից ավել քիմիկատներ, այնինչ տեղեկություններ հայտնի են միայն դրանցից 200-ի մասին:

Ըստ Սելի` մենք վտանգում ենք ոչ միայն մարդկությունը, այլև աշխարհը, որտեղ ապրում ենք:

XS
SM
MD
LG