Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն ընդունում է 12 խաղաղ բնակիչների սպանության պատասխանատվությունը


ՆԱՏՕ-ը պատասխանատվություն է ստանձնել Աֆղանստանի հարավում թալիբների դեմ ԱՄՆ-ի ղեկավարած մեծամասշտաբ գրոհումների արդյունքում զոհված 12 խաղաղ բնակիչների համար:

Ըստ ՆԱՏՕ-ի հայտարարության` խաղաղ բնակիչները զոհվել են ապստամբների ուղղությամբ արձակված երկու հրթիռների հարվածի արդյունքում: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն իր ցավակցությունն է հայտնել պատահարի կապակցությամբ: Նա հրահանգել է Նադ Ալիում սպանությունների հետ կապված հետաքննություն սկսել:

Լայնամասշտաբ զինվորական գործողությունների կենտրոնը հարավային Հելմանդ մարզի Մարջահի գյուղատնտեսական համայնքն էր:

Թալիբներին դուրս մղելու գրոհին մասնակցել է ամերիկացի, բրիտանացի և աֆղանցի գրեթե 15 հազար զինվորական:

Ըստ Աֆղանստանի պաշտոնյաների, գրոհում սպանվել է առնվազն 27 ապստամբ: ՆԱՏՕ-ը հայտնել է, որ գրոհի առաջին օրը զոհվել է մեկ բրիտանացի և մեկ ամերիկացի զինվորական:

Կիրակի օրը ՍիԷնԷն-ին տրված հարցազրույցում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսը գործողությունների ընթացքը որակել է ՝՝բարեհաջող՝՝:

XS
SM
MD
LG