Մատչելի հղումներ

Վրացական հակամարտության ազգայնականության հիմքերը


Վրաստանի հակամարտությունում ներգրավված են վրացիների, օսերի և ռուսների տարածքային, տնտեսական, քաղաքական և մշակութային պահանջները: Այդ պահանջների հիմքում ընկած է լեզվով, պատմությամբ, մշակույթով և ազգային կապերով պայմանավորված էթնիկ ինքնությունը: Սակայն էթնիկ ինքնության ծայրահեղ դրսևորումը ազգայնականությունն է, որը մի խմբի էթնիկ պատկերացումները և շահերը գերադասում է մյուս բոլոր խմբերի շահերից:

Դարեր շարունակվող բարդ միգրացիոն շարժերը և ժողովրդագրական փոփոխությունները օսերին և վրացիներին կանգնեցրել են բախումային ուղու վրա` նրանց միջև առաջացնելով տարբեր աստիճանի լարվածություններ: Դրա ամենավերջին դրսևորումը Կովկասի ներկա հակամարտությունն է:

Օսերը և վրացիները տարբեր լեզուներով են խոսում: Նույնիսկ այն տարածքը, որի համար երկու խմբերը տարածքային պահանջներ են ներկայացնում, այլ անվանում ունի երկու լեզուներում. օսերն այն անվանում են Հարավային Օսիա, իսկ վրացական իշխանություններն այն նախընտրում են անվանել Ցխինվալի:

Թբիլիսիի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնդելիի կարծիքով լեզուն հզոր և հաճախ վտանգավոր ուժ կարող է լինել աշխարհի շատ հասարակություններում: “Դա շատ ուժեղ զգացում է, քանի որ այն համախմբում է մարդկանց: Դա մարդկանց միասնական է դարձնում, և մի գործոն է, որի համար մարդիկ իսկապես պատրաստ են զոհվել:”

Իսկ Վրաստանում զոհեր կան: Չնայած դժվար է հստակ որոշել զոհերի թիվը, երկու կողմերն էլ միմյանց էթնիկ զտման մեղադրանքներ են ներկայացնում: Human Rights Watch միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ օսերը հարձակվել են վրացական գյուղերի վրա: Ռուսաստանը մեղադրում է Վրաստանին օսերի`Վրաստանի հյուսիսային և Ռուսաստանի հրավային սահմանում ապրող փոքրաթիվ էթնիկ խմբի ցեղասպանության մեջ:

Վլադիկովկասի Հումանիտար և սոցիոլոգիական հետազոտությունների Հյուսիսային Օսիայի ինստիտուտի սոցիոլոգիայի պրոֆեսոր Հասան Դզուտևն ասել է, որ բոլոր օսերի ցանկությունը վերամիավորումն է: Ըստ նրա` վերամիավորումը դարերից ի վեր եկող երազանք է, քանի որ մինչև 1922թ. օսերը միասին են ապրել մեկ տարածքում, սակայն ստալինյան ժամանակշրջանում տարածքն արհեստականորեն բաժավնվել է. Հարավային Օսիան տրվել է Վրաստանին, իսկ Հյուսիսը փոխանցվել է Ռուսաստանին:

Ալեքսանդր Ռոնդելին նշել է, որ Հյուսիսային և Հարավային Օսիաները նախկին Խորհրդային Միության սահմաններում ստեղծված բազմաթիվ ավտոնոմ տարածքներից էին. նման “բաժանիր և տիրիր” դասական մարտավարության նպատակն էր էթնիկ լարվածություն ստեղծել: Այսօր ռուսական զորքերը ներկայացնում են, որ խաղաղապահ դեր են ստանձնել Հարավային Օսիայում: Իսկ վրացիները նրանց անվանում են զավթիչներ և մտավախություն ունեն, որ Կրեմլը ցանկանում է ոչնչացնել իրենց փխրուն ժողովրդավարությունը:

Մոսկվայում գործող անկախ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կոնովալովն ասել է, որ կոմունիզմի ժամանակաշրջանում խոշոր արդյունաբերական նախագծերը նախկին Խորհրդային հանրապետությունների էթնիկ կազմվածքի փոփոխության պատճառ են դարձել, քանի որ բազմաթիվ ռուսախոսներ են ուղարկվել, օրինակ, Լիտվայում ատոմային կայան և Կենտրոնական Ասիայում բամբակի ֆաբրիկա կառուցելու նպատակով: Կոնովալովի կարծիքով, այս քաղաքականությունը առաջացրել է էթնիկ ռումբ, որը պայթեց Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ԽՍՀՄ-ի որոշ ժողովուրդներ սկսեցին պահանջել իրենց լեզվական և էթնիկ պատկանելիության վերականգնումը: Կոնովալովը նաև նշել է, որ բազմաթիվ ռուսներ, ներառյալ և ինքը, իրենց էթնիկ ինքնությունը վերահաստատելու կարիք չեն զգում: Նա շեշտել է, որ Խորհրդային Միությունում բազմաթիվ ռուսներ կային, և որպես կանոն, մեծաթիվ էթնիկ խմբերը միտում ունեն արհամարհելու այլ ժողովուրդների ինքնությունը, ինչպես նաև սեփական ինքնությունը մեծ ուշադրության և մտահոգության չարժանացնելու: Նրա կարծիքով, վերահաստատման կարիք չկա, քանի որ հստակ է, որ ռուսները ռուս են:

Սակայն առավել փոքր էթնիկ խմբերն առավել խոցելի են հնարավոր ստորադասման և նույնիսկ ոչնչացման վտանգների առումով: Ներկայում ապրում են մոտ հինգ հարյուր հազար օսեր, մոտավոր հաշվարկներով նրանցից յոթանասուն հազարն ապրում է Վրաստանում: Հասան Դզուտևի կարծիքով, Հարավային Օսիայի բնակչությունը մտավախություն ունի, որ կանգնած է վրացիների կողմից ոչնչացման վտանգի առջև. մի մեղադրանք, որ պաշտոնական Թբիլիս անհիմն է որակել:

Ալեքսանդր Կոնովալովն ասել է, որ Վրաստանի հակամարտությունում առկա են միջազգային իրավունքի երկու հիմնարար և միևնույն ժամանակ հակասական սկզբունքներ, ինչը վտանգ է սպառնում համընդհանուր անվտանգությանը:

Կոնովալովը մանրամասնել է, որ առաջին սկզբունքը Միավորված Ազգերի կողմից և 1975թ. Հելսինկյան պայմանագրով հաստատված միջազգային սահմաննեի անխախտելիությունն է: Սակայն, նա նշել է, որ նաև գործում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, որի մասին 1918թ. առաջին անգամ խոսել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրոու Ուիլսոնը: Կոնովալովն ասել է, որ առանց բացառության ցանկացած էթնիկ հակամարտության ժամանակ կողմերից յուրաքանչյուրն արծարծում է այս երկու սկզբունքներից մեկը:

Վերլուծաբանի մեկնաբանմամբ, միջազգային իրավունքը չի սահմանում, թե այս սկզբունքներից որն է գերակա: Այդպիսով, մեկ էթնիկ խմբի տարածքային անկախության պահանջը, որը թույլ կտա սեփական լեզվով և մշակույթով քաղաքական և տնտեսական զարգացում ապրել, բախվում է մյուս կողմի պահանջի հետ, այն է` սեփական կենսական շահերը պաշտպանելու նպատակով նույն տարածքը պահպանելու անհրաժեշտությունը:

Այս զեկույցի համար հարցազրույցներին մասնակցած վերլուծաբաններից յուրաքանչյուրը նշել է բազմաէթնիկ հասարակությունների օրինակներ, որտեղ համատեղ գոյատևումը խնդրահարույց է, այդ թվում` Շվեյցարիայում և Կանադայում: Սակայն Կովկասում էթնիկ թշնամանքը բազմիցս արյունահեղության պատճառ է դարձել: Վերջին ժամանակահատվածում, չեչենները պայքարել են ռուսների, իսկ ինգուշները օսերի դեմ, հայերը պայքարել են ադրբեջանցիների դեմ, իսկ աբխազները` վրացիների: Օսերի և վրացիների միջև ծագած այս վերջին հակամարտությունը էթնիկ պայքար է, որն իր հետևանքներն ունի գլոբալ մակարդակում` հատկապես հետ-խորհրդային աշխարհում նավթի, ժողովրդավարության և քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալու առումով:
XS
SM
MD
LG