Մատչելի հղումներ

Ամերիկայի փոքր քաղաքը ներկայացնող արտիստը


Հավանաբար ամերիկացիների շրջանում ոչ մի արտիստ այնքան հանրահայտ չի եղել, որքան Նորման Ռոքվելը: Շատերի համար նրա յուրօրինակությունը ամենօրյա կյանքի սովորական երևույթները յուրահատուկ ներկայացնելու մեջ էր: Նրա նկարները և նկարազարդումները ցուցադրվում են Ստոքբրիջի Նորման Ռոքվել թանգարանում:

Մարդ, ով նույնացվում է Ամերիկայի փոքր քաղաքի հետ, կյանքի մեծ մասն ապրել է Ամերիկայի ամենամեծ քաղաքի մոտ: Նորման Ռոքվելը ծնվել է Նյու Յորքում 1894թ. և Վերմոնթ նահանգի Արլինգտոն քաղաք տեղափոխվել միայն, երբ քառասունն անց էր: Կյանքի վերջին 25 տարիներն անցկացրել է Մասաչուսեթսի Ստոքբրիջ քաղաքում, որտեղ այժմ նրա թանգարանն է:

“Կարծում եմ`կարիերայի սկզբում նա օգտագործում էր պրոֆեսիոնալ մոդելներ: Սակայն ժամանակի հետ նա ավելի շատ և, հետագայում բացառապես, սկսեց նկարել ընկերներին և հարևաններին: Այդ մարդկանց նկարելու մեջ հսկայական կապ գոյություն ունի: Նրանք իսկապես զգում էին, որ ինչ-որ կարևոր բանի մասնակից են”,-պատմում է Օդրի Մենրինգը:

Քլեր Ուիլիամսը Ռոքվելի պատկերած գովազդում բնորդ է եղել: Հիսուն տարի է անցել, սակայն դրա մասին նրա հիշողությունը թարմ է:

«Շատ անգամ նա պարզապես զանգում էր և խնդրում գալ ու բնորդել: Ապա ժամանակ էր սահմանում, որից հետո դու ազատ էիր»,- հիշում է Քլերը:

Մարդկանց լավ ճանաչելուց բացի Ռոքվելը կարողանում էր նաև որսալ գեղեցկությունը և թվացյալ սովորական երևույթի հումորը: Մի առիթով նա ասել էր. «եթե իմ ստեղծագործական աշխարհում տխրություն լիներ, ապա այն կլիներ հաճելի տխրություն, իսկ խնդիրները` հումորով լի»:

Ռոքվելի առավել նշանակալի աշխատանքները Սաթըրդեյ Իվնինգ Փոստի համար նկարված 300 շապիկներն են: Նրա «Չորս ազատություններ» շարքը ներշնչված է երկրորդ համաշխարհայինի ժամանակ Ռուզվելտի ճառով` մարդկային չորս ազատությունների` խոսքի, դավանանքի եւ ցանկությունից ու վախից ձերբազատվելու մասին:

Հանրահայտ են նաև Ռոքվելի այլ գործեր: Դրանցից են ամերիկյան նախագահներին, սքաուտներին նվիրված շարքերը, «Ստոքբրիջի Մեյն փողոցը Ծննդյան տոներին» և նրա հանրահայտ «Եռակի ինքնանկարը»:

1963թ. Ռոքվելը դադարեց Սաթըրդեյ Իվնինգ Փոսթի հետ համագործակցել և սկսեց աշխատել Լուք հանդեսի հետ: Նկարելու նրա ոճը չփոխվեց, սակայն փոխվեց մոտեցումը: Նրա նկարներն ավելի շատ հասարակական և քաղաքական խոցելի խնդիրների մասին էին:

“Հարևանության նոր երեխաները” անդրադառնում էր Ամերիկայում ռասսայական խնդիրներին: Նկարում պատկերված սևամորթ տղան Ռեյ Գանն է:

«1967թ. այդ շարքը Լուք հանդեսի շապիկն էր: Դրանցից մեկը պատմում էր Փարկ Ֆորթի ամբողջությամբ սպիտակամորթերի թաղամասի ինտեգրման մասին”,-ասում է Ռեյը:

Սևամորթ երեխաների սպիտակ կատուն եւ սպիտակամորթ երեխաների սև շունը, անընդհատ շարժը, պատուհաններից նայող հարևանները. պատկերի յուրաքանչյուր մասնիկ ստեղծում է լարվածության մթնոլորտ: Տասներեքամյա Ռեյը և նրա յոթամյա զարմիկը չգիտեին, որ դառնալու են Ամերիկայի քաղաքացիական իրավունքի պատմության մաս:

Ռոքվելը մահացավ 1978թ. ութսունչորս տարեկանում: Իր մահից հետո նրա աշխատանքները չեն կորցրել իրենց արժեքը: Թանգարանում ամեն տարի Ռոքվելի պերճախոս վրձինը հարյուր հազարավոր այցելուների ներկայացնում է Ամերիկայի պատմությունը:

XS
SM
MD
LG