Մատչելի հղումներ

Կանայք հետզհետե համալրում են ԱՄՆ-ի ֆերմերների շարքերը


Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆերմաներում կանայք ավանդաբար կարևոր դեր են խաղացել` օգնելով իրենց հայրերին և ամուսիններին: Սակայն վերջին տվյալների համաձայն` կտրուկ աճել է կին ֆերմերների թիվը: Ընդ որում կին ֆերմերների մեծ մասը անցյալում այլ մասնագիտություններ են ունեցել, իսկ այժմ առողջ և համեղ սնունդ են մատակարարում տեղական շուկաներին:

Հավաբնում աշխատանքը Ջուլի Սթինարի առօրեայի անբաժան մասն է: Նրան է պատկանում Մերիլենդի Շարփսբուրգ բնակավայրում Իվընսոնգ ֆերման: Անցյալում նա խանութում վաճառող է աշխատել, սակայն երեխա ունենալուց հետո դուրս է եկել աշխատանքից և ընտանիքով տեղափոխվել ֆերմա:

Նա սկսել է տնամերձ բոստանում բանջարեղեն աճեցնելուց` մեծամասամբ ընտանիքի, ավելցուկն էլ` ծանոթների համար: Այժմ նրա ֆերման 53 հեկտար է ձգվում, որտեղ 100-ից ավելի տեսակի բանջարեղեններ է աճեցնում և հավեր, կովեր ու խոզեր բուծում:

Ջին Դիեթս-Բենդը նույնպես ֆերմա ունի: Մենի Ռոքս ֆերմայում նա 200-ից ավելին այծ է պահում: Մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի գիտությունների թեկնածուն հրաժարվել է կենսատեխնոլոգիաների բնագավառում իր աշխատանքից, որպեսզի ավելի շատ ժամանակ ացնկացնի երեխաների հետ:

“Իհարկե, դա շատ դժվար որոշում էր ինձ համար: Սակայն որոշումը կայացնելուց և այստեղ գալուց հետո երբեք չեմ զղջացել: Այսեղ շատ երջանիկ եմ”, ասում է նա:

Նա ասում է, որ գենետիկայի բնագավառում իր գիտելիքները շատ են օգնել այծաբուծության համար, իսկ քիմիայի բնագավառում գիտելիքների շնորհիվ այծի կաթից օճառի պատրաստման տեխնոլոգիա է մշակել:

2007թ. գյուղատնտեսական հարցման տվյալների համաձայն` վերջին հինգ տարիներին 30 տոկոսով աճել է ֆերմա ղեկավարող կանանց թիվը: Ներկայում ԱՄՆ-ի 2.2 միլիոն ֆերմաների 14 տոկոսը կանայք են ղեկավարում:

Ամերիկյան ֆերմաների գրասենյակի տնտեսագետ Սթեֆանի Գամբրելի խոսքերով` ֆերմա ղեկավարող կանանց թվի աճը համապատասխանում է ընդհանուր աշխատուժում կանանց թվի աճի միտումներին: “Այդ առումով, սա բնականոն երևույթ է: Կարծում եմ կին ֆերմերների թիվը դեռևս կշարունակի որոշ չափով աճել”, նշել է նա:

Ջին Դիեթս-Բենդն իր բացատրությունն ունի: Նա կարծում է, որ ֆերմայում աշխատանքը կնոջ աշխատանք է, քանի որ ի սկզբանե կնոջ մեջ զարգացած է խնամքի բնազդը: Բույսերի և կենդանիների աճին հետևելը, խնամքը, կյանքի ընթացքին հետևելը, նրա կարծիքով, կնոջն է հատուկ:

Կին ձեռներեցներից շատերը նախընտրում են փոքր ֆերմաներ ունենալ, որոնք, այնուամենայնիվ, եկամտաբեր են: Նրանց գործունեությանը նպաստում է տեղական արտադրության սնունդ գնել ցանկացողների հետզհետե աճող թիվը:

Ջուլի Սթինարի կարծիքով` տեղական արտադրության սննդի շուկաների հանդեպ հետզհետե աճող հետաքրքրությունն իրոք օգնում է փոքր ֆերմերներին, ովքեր հատուկ տեսակներ են աճեցնում, քանի որ տեղական շուկայում վաճառելն ավելի ձեռնտու է, քանի միջնորդի միջոցով:

Ինտերնետի շնորհիվ փոքր ձեռնարկատերերն այժմ կարող են նախապես վճարման համակարգ կիրառել: Ըստ Ջուլի Սթինարի` յուրաքանչյուր շաբաթ բաժանորդագրված հաճախորդներին էլեկտրոնային հուշաթերթ է ուղարկվում, որտեղ ներկայացվում է առաջարկվող տեսականին և համապատասխան ճաշատեսակներ, ինչպես նաև ֆերմայի նորությունները:

Կին ֆերմերներն ասում են, որ չնայած գյուղատնտեսական աշխատանքը խրթին է, նրանց դուր է գալիս աշխատանքի անկախ բնույթը, ճկունությունը և բավարարվածության զգացումը:

“Ինձ այս աշխատանքը մեծ բավականություն է պատճառում, քանի որ գիտեմ, որ մարդկանց և նրանց ընտանիքներին շատ լավ որակի սնունդ եմ ապահովում”, նշել է Ջուլի Սթինարը` ասելով, որ մեկ րոպե անգամ չի զղջացել ֆերմայով զբաղվելու իր որոշման համար:

XS
SM
MD
LG