Մարմնամարզությունը Դեյվ Հոուլիի առօրեայի կարևոր մաս է: Հոուլին շաքարախտով է տառապում: Հիվանդությանը դիմակայելու նպատակով` նա, իր գործատուի ֆինանսավորմամբ, ընդգրկվել է մեկամյա հատուկ ծրագրում:
“Օրեր են լինում, երբ շաքարախտի պատճառով արդյունավետ չեմ աշխատում”, ասում է նա:
Նրա գործատուն` Ֆլորիդայի Օրընջ դքսության տեղական կառավարման մարմինը, շաքարախտով տառապող աշխատողներին, ծրագրում ներգրավվելու դեպքում, հավելավճար է տալիս:
Հավելավճարն ստանալու համար Հոուլին պետք է պարբերաբար չափի արյան մեջ շաքարի պարունակությունը, արդյունքներն ուղարկի բժշկին և հիվանդության մասին քննարկումների մասնակցի:
Ծրագրի ղեկավար Ըրլին Քավալիերն ասում է. “Յուրաքանչյուր ամիս նրանք կարող են դուրս մնալ ծրագրից, եթե չբավարարեն դրված խնդիրները”:
Վերջին տվյալներով` ԱՄՆ-ի խոշոր կազմակերպությունների մոտ 60 տոկոսն աշխատողների համար նախատեսում են ապրելակերպի բարելավման ծրագրեր, որոնց շրջանակը, անկախ տնտեսության ծանր վիճակից, շարունակում է ընդլայնվել:
Ծրագրերը նախատեսում են դեղերի և բժշկական ծառայությունների համար նվազեցված վճարումներ և որոշ միանվագ նպաստներ:
Դեյվ Հոուլիի գործատուի ուսումնասիրությունը բացահայտել է, որ աշխատողների մոտ քառասուն տոկոսը շաքարախտ ունեն կամ գտնվում են ռիսկի խմբում, մինչդեռ ութսուն տոկոսը գեր են, ինչը բազմաթիվ հիվանդություններ կարող է առաջացնել:
Ամերիկյան ընկերությունները տարեկան շուրջ 220 միլիարդ դոլար են ծախսում աշխատողների առողջապահական խնդիրները հոգալու համար:
Ֆլորիդայի Առողջապահական դաշինքից Բեքի Չերնին ասում է, որ ընկերությունները տարբեր խթաններ են ստեղծում այդ ծախսերը նվազեցնելու համար:
“Փորձում ենք հասկանալ` արդյոք հավելավճար տալն է արդյունավետ, թե` պատժամիջոցը, այն է, առողջ ապրելակերպից հրաժարվելու դեպքում, աշխատողների ծախսերի ավելացումը”, ասում է նա:
Դեյվ Հոուլիի աշխատակիցների 90 տոկոսը ներգրավված են առողջ ապրելակերպի ծրագրում: Նա ասում է, որ ծրագիրը օգնում է իրեն և հուսով է, որ ծրագրի ավարտին հիվանդությունն արդեն հաղթահարած կլինի: