Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գործազուրկների թիվը հասել է 31 միլիոնի. միլիոնավոր ամերիկացիներ ստիպված են սննդի կտրոններ օգտագործել


Հունվար ամսին իր աշխատանքները սկսող նորընտիր Կոնգրեսն առաջին հերթին պետք է ընդունի տնտեսության խթանմանն ուղղված նոր ծրագիր: Օրենսդիրների և վերլուծաբանների կարծիքով, այդ ծրագրի նախագծում առավել ուշադրություն կդարձվի սննդի աջակցությանը և սննդի կտրոններին, քանի որ կտրուկ աճել է նման աջակցության կարիք ունեցողների թիվը:

Քենթաքի նահանգից Քերի Ռեյ Բլեքը երկու երեխաների միայնակ մայր է: Նա աշխատում է և միաժամանակ շաբաթը երեք օր բուժքույրի մասնագիտացման դասընթացների է մասնակցում:

Դասընթացների արդյունքում նվազել է նրա ամսական եկամուտը, և յուրաքանչյուր ամսվա վճարումներից հետո մնացած գումարը չի բավարարում ըտանիքի սնունդն ապահովելու համար: Այսպես, նա ստիպված էր դիմել սննդի կտրոնների օգնությանը: "Երբեմն ստիպված ես սննդի համար մնացած շատ փոքր գումարով հազիվ ծայրը ծայրին հասցնել: Ահա այդպես ես հասկացա, որ օգնության կարիք ունեմ”, ասում է նա:

Աղքատ և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար նախատեսված սննդի կտրոնների ծրագիրը ֆինանսավորվում է դաշնային կառավարության կողմից: Ծրագրի շահառուներից շատերը միայնակ մայրեր են:

Անցյալում կտրոնները փոստային դրոշմանիշների տեսք ունեին, իսկ այժմ դրանք տրամադրվում են էլեկտրոնային քարտերի միջոցով:

ԱՄՆ-ի կառավարության տվյալների համաձայն` սննդի կտրոններից օգտվող ամերիկացիների թիվը վերջին շրջանում աննախադեպ աճել է ` սեպտեմբեր ամսին հասնելով 31 ու կես միլիոնի: Պետական հաշվարկներով` շուրջ 36 միլիոն ամերիկացիների համար հանապազօրյա հացը դարձել է լուրջ խնդիր:

Քենթաքի նահանգի Լեքսինգտոն քաղաքը միջին չափի բնակավայր է, որը հայտնի է իր ձիաբուծական ագարակներով և ձիարշավային սպորտի հետ կապերով:

Լեքսինգտոնի Աստծո պահուստային սննդի կենտրոնը աջակցություն է ցուցաբերում նահանգի 49 մարզերում: Երկրի աջակցություն ցուցաբերող 204 սննդի կենտրոններից մեկն է այն:

Կենտրոնի պահուստը մոտ չորս ու կես հազար քառակուսի մետր մակերես ունի: Սնդդի պաշարներն այն ստանում է հացահատիկի և այլ մթերքների ԱՄՆ-ի խոշոր արյդունաբերողներից: Կենտրոնն աջակցում է այն անձանց, ովքեր դաշնային կառավարությունից օգնություն չեն ստանում և նրանց, ում սննդի կտրոններից ավելին է անհրաժեշտ:

Կամավորների աշխատանքը կարգավորող Մենդի Բրահուհան ասում է, որ սննդի կենտրոնը ամսական ութ հարյուր ընտանիք է սպասարկում: Սակայն այս ամիս շուրջ հազար ինը հարյուր ընտանիք է աջակցություն խնդրել: Մենդի Բրահուհան ասում է, որ նման միտումն արտացոլում է ամբողջ երկրի իրավիճակը. "Մեր ծառայություններից օգտվողներն այլևս միայն հաշմանդամներ և սննդի կտրոնների մշտական շահառուները չեն: Այստեղ են գալիս մարդիք, ովքեր երբեք օգնություն չեն խնդրել”:

Նման ընտանիքներից է Մայքլ Մարթինի ըտանիքը: 11 տարի կոմունալ ծառայությունների ընկերությունում աշխատելուց հետո Մայքլը կորցրել է աշխատանքը և շուրջ չորս ամիս է չի կարողանում նոր աշխատանք գտնել: "Ես ուզում եմ աշխատել և աշխատանք եմ փնտրում: Ես տերևներ կհավաքեմ, ամեն ինչ կանեմ նույնիսկ սովորականից ցածր աշխատավարձով: Ես պարզապես ուզում եմ վճարել իմ վարձավճարները և չեմ ուզում, որ ուրիշներն ինձ օգնեն”, ասում է Մայքլը:

Շուրջ երկու շաբաթ գրեթե որևէ սնունդ չունենալուց հետո նրա ընտանիքը ստիպված էր դիմել սննդի կտրոնների օգնությանը: Մայքլն ասում է, որ ամենադժվարն ամոթի զգացումն է. "Ես պարզապես ամաչում եմ, երբ գնում եմ խանութ և այս քարտով եմ վճարում սննդի համար: Մարդիկ կարծես այլ հայացքով են սկսում նայել”:

Վերլուծաբանների կանխատեսումներով, մինչև 2009թ. վերջը գործազրկությունը կարող է հասնել ութ տոկոսի, ինչի արդյունքում նաև կաճի սննդի աջակցության կարիք ունեցողների թիվը:

XS
SM
MD
LG