Շաբաթ օրը ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման շրջանավարտներին ուղղված իր առաջին ելույթն է ունեցել մի համալսարանում, որը չորս տարի առաջ նույնիսկ գոյություն չուներ: Առաջին տիկնոջ ներկայությունն ավարտական արարողությանը շրջանավարտների համառ խնդրանքների արդյունքն էր:
Ամեն ինչ սկսվեց արտասովոր մի քարոզարշավից: Համացանցում տեղակայված տեսանյութի միջոցով` Քալիֆորնիայի համալսարանի Մերսեդ մասնաճյուղի ուսանողները դիմել էին տիկին Օբամային` մասնաճյուղի առաջին շրջանավարտների առջև ելույթ ունենալու խնդրանքով: Այնուհետև նրանք բազմաթիվ նամակներ և Սուրբ Վալենտինի օրվան նվիրված բացիկներ են ուղղել առաջին տիկնոջ գրասենյակ:
Արդյունքում` տիկին Օբաման շաբաթ օրն առաջին անգամ հանդես եկավ շրջանավարտներին ուղղված ելույթով: Դիմելով համալսարանի առաջին շրջանավարտներին` նա մեծ հարգանքով խոսեց ուսանողների նպատակասլության մասին: “Դուք ինձ ոգեշնչեցիք և հուզեցիք: Շատ ազդեցիկ է, երբ տեսնում ես, թե ինչպես են երիտասարդները գիտակցում, որ ի զորու են իրենց երազանքները կյանքի կոչել”, ասաց նա:
Մերսեդը Քալիֆորնիայի համալսարանի հսկա համակարգի ամենաերիտասարդ և ամենափոքր մասնաճյուղն է, որը բացվել է 2005թ. Կենտրոնական Քալիֆորնիայի մի փոքրիկ բնակավայրում, որտեղ կովերն ավելի մեծ թիվ են կազմում, քան` ուսանողները:
Միշել Օբաման շրջանավարտներին հորդորեց ծառայել իրենց համայնքին: “Դուք Մերսեդի և այս պետության հույսն եք: Իրականություն դարձրեք մեր երազանգները և դարձեք հաջորդ սերունդների հույսը: Մենք վստահում ենք ձեզ”, ասաց նա:
Մերսեդի դքսությունում գործազրկությունը 20 ավելին է: Տարածաշրջանը մեծ վնաս է կրել երաշտի և անշարջ գույքի շուկայի ճգնաժամի պատճառով: Տեղական պաշտոնյաների հաշվարկներով` տիկին Օբամայի այցելության առթիվ Մերսեդ փոքր քաղաք շուրջ 25,000 այցելու է եկել, ինչը մոտ մեկ միլիոն դալարի եկամուտ է բերել քաղաքին: