Մատչելի հղումներ

Մքքեյնի և Օբամայի ուշադրության կենտրոնում միջին Ամերիկան է


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը չորս օր: Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման ուրբան օրն ացն են կացրել մրցելով ԱՄՆ-ի կենտրոնական հատվածի նահանգների չկողմնորոշված ընտրողների ձայների համար:

Սենատոր Մքքեյնն արդեն երկրորդ օրն է անց կացնում Օհայո նահանգում, որտեղ նա հայտարարել է, որ կհաղթի սենատոր Օբամային այդ և մի քանի այլ նահանգներում, որտեղ Օբաման ներկայում առաջատար է: Հանրապետական կուսակցության ոչ մի թեկնածու երբևէ չի հաղթել նախագահական ընտրություններում առանց Օհայո նահանգում հաղթանակի: Այստեղ սենատոր Մքքեյնը կրկին խիստ քննադատության է ենթարկել սենատոր Օբամայի հարկային քաղաքականությունը` ասելով, որ նա պատրաստվում է բարձրացնել հարկերը, ինչն էլ ավելի կվատթարացնի ներկայիս ճգնաժամային տնտեսական իրավիճակը:

Սենատոր Օբաման նույնպես ընտրարշավ է անց կացնում ԱՄՆ-ի կենտրոնական Այովա և Ինդիանա նահանգներում: Օբաման հաճախ քննադատում է սենատոր Մքքեյնի տնտեսական քաղաքականությունը` այն նմանեցնելով ներկայիս ժողովրդավայնություն չվայելող նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությանը:

Վերջին հարցախույզների համաձայն` սովորաբար Հանրապետական կուսակցության թեկնածուների օգտին քվեարկող Ինդիանա նահանգում երկու թեկնածուների միջև մրցակցությունը չափազանց խիստ է: Մինչդեռ Այովա նահանգում սենատոր Օբաման է միանշանակ առաջատարը:

Ընդհանուր առմամբ ամբողջ ԱՄՆ-ի կտրվածքով սենատոր Օբամայի վարկանիշը վեց տոկոսով բարձր է:

Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքը որոշվում է յուրաքանչյուր նահանգին հասանելիք ընտրական ձայներով: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա հնարավոր 538 ձայներից 270-ի աջակցությունը:

XS
SM
MD
LG