Մատչելի հղումներ

Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը


Ուրբաթ օրը Միսիսիպիի համալսարանում տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների երկու հիմնական կուսակցությունների թեկնածուներ Հանրապետական սենատոր Ջոն Մքքեյնի և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Բարաք Օբամայի հեռուստաբանավեճը: Բուռն քննարկումներ են ծավալվել ֆինանսական ճգնաժամի և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ: Երկու թեկնածուների հիմնականում տարաձայնել են հարկային կրճատումներին, Իրանի միջուկային ձգտումներին և Աֆղանստանի ու Իրաքի պատերազմներին առնչվող խնդիրների շուրջ:

Չնայած հեռուստաբանավեճի հիմնական թեման, ըստ նախատեսվածի, պետք է արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրները լինեին, ներկայիս ֆինանսական խորը ճգնաժամի պայմաններում հեռուստաբանավեճի առաջին կեսին հարցերի գերակշիռ մասը վերաբերում էին տնտեսական խնդիրներին և լուծումներին: Երկու սենատորներն էլ Միսիսիպի էին ժամանել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից, որտեղ նրանք ներգրավված էին ճգնաժամից դուրս գալուն ուղղված անհապաղ միջոցառումների մշակման քննարկումներում:

Չորեքշաբթի օրը Սենատոր Մքքեյնը հայտարարել էր, որ ժամանակավորապես կասեցնում է ընտրարշավը և կոչ էր արել հետաձգել հեռուստաբանավեճը` ողջ ուշադրությունը ֆինանսական ճգնաժամին հատկացնելու նպատակով: Սենատոր Օբաման ասել էր, որ անհրաժեշտության դեպքում նա մենակ կմասնակցի հեռուստաբանավեճին: Երկու օր շարունակ պարզ չէր` արյդոք հեռուստաբանավեճը տեղի կունենա, թե` ոչ: Այդուհանդերձ, ուրբաթ օրը` հեռուստաբանավեճի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ, սենատոր Մքքեյնը, հայտարարելով, որ բավականաչափ առաջընթաց է արձանագրվել Ճգնաժամի լուծման ուղղությամբ, համաձայնեց մասնակցել հեռուստավեճին:

Ճգնաժամին վերաբերող հարցերին ի պատասխան երկու սենատորներն էլ ընդհանուր առումով իրենց աջակցությունն են արտահայտել կառավարության` ճգնաժամը լուծելուն ուղղված միջոցառումների ծրագրին: Նրանք միևնույն ժամանակ տարբեր տեսակետներ են արտահայտել, թե կոնկրետ ինչ պետք է արվի երկրի տնտեսական առողջությունը վերականգնելու համար:

Սենատոր Մքքեյնն ասել է, որ կառավարությունը պետք է վերականգնի ֆինանսական վերահսկողությունը. "Ակնհայտ է, որ մենք պետք է նվացեցնենք ծախսերը: Սենատոր Օբամայի ծրագիրը նախատեսում է 800 միլիարդ դոլար նոր ծախսեր: Ես կառաջարկեի, որպեսզի նա կրճատեր իր ծրագրերի մի մասը":

Ի պատասխան` սենատոր Օբաման սենատոր Մքքեյնին և Հանրապետականներին մեղադրել է հարուստների համար հարկային կրճատումներին հավանություն տալու և միևնույն ժամանակ միջին խավի և աշխատավորների կարիքները արհամարհելու մեջ: "Եթե մենք 300 միլիարդ դոլար ենք ծախսենք, որպեսզի հարկային կրճատումներ նախատեսենք դրանց կարիքը չունեցողների համար և անտեսենք առողջապահական ծառայություններին հատկացվելիք գումարները, ինչը ողջ երկրով մեկ բարդություններ է ստեղծել մարդկանց համար, դա իմ կարծիքով վատ որոշում կլինի, և ես ցանկանում եմ համոզվել, որ մենք հապճեպ կերպով չփոխենք մեր երկարաժամկետ առաջնահերթությունները", ասել է նա:

Արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը շատ ավելի բուռն էր: Սենատոր Մքքեյնը հաճախ ասում էր, որ սենատոր Օբաման ամբողջովին չի ըմբռնում ներգրավված խնդիրները, օրինակ` Իրանի միջուկային ծրագրից բխող վտանգները կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Սենատոր Օբաման իր հերթին քննադատել է նախագահ Բուշի վարչակարգի քաղաքականությունը, որի աջակիցն է նաև, ըստ Օբամայի, սենատոր Մքքեյնը: Սենատոր Մքքեյնը մեծ հպարտությամբ խոսել է Իրաքում զորամիավորների թվի ավելացման շնորհիվ հաջողություն հասնելու հանգամանքի մասին, մինչդեռ սենատոր Օբաման քննադատել է ի սկզբանե Իրաք ներխուժելու գաղափարը:

Թեկնածուների երկուստեք քննադատության ամենաբուռն դրսևորումները վերաբերում էին Իրանի միջուկային զենք մշակելու ծրագրին առնչվող քայլերին: Սենատոր Մքքեյնն ընդգծել է Իսրայելին սպառնացող վտանգը և քննադատել է սենատոր Օբամայի այն հայտարարությունն առ այն, որ վերջինս առերես կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: "Կարծես, սենատոր Օբաման չի հասկանում, որ եթե առանց նախապայմանների մեկ սեղանի շուրջ նստում ես մի անձի հետ, որը Իսրայելն անվանել է փտած դիակ և ցանկանում է ոչնչացնել այդ երկիրը և քարտեզին այն ջնջի, լեգիտիմություն ես հաղորդում այդ հայտարարություններին: Դա վտանգավոր է: Դա ոչ միայն միամտություն է, այլև` վտանգավոր է", ասել է Մքքեյնը:

Սենատոր Օբաման պաշտպանել է իր պատրաստակամությունը հանդիպելու ցանկացած օտարերկրյա ղեկավարի ցանկացած պահի, եթե դա կբխի Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության շահերից: "Եկեք հասկանանք` ինչ է նշանակում հանդիպել առանց նախապայմանների: Դա չի նշանակում` նրանց մեկ օր թեյի ես հրավիրում: Դա նշանակում է, որ չպետք է վարվենք այնպես, ինչպես մինչև այժմ վարվել ենք, այն է` չպետք է ասենք "եթե չանեք ճիշտ այնպես, ինչպես պահանջում ենք, մենք ուղիղ կապեր ձեզ հետ չենք հաստաի", ասել է նա:

Սենատոր Օբաման ասել է, որ Մքքեյնի խորհրդականներից մեկը` նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը նույնպես հավանության է արժանացրել առանց նախապայմանների Իրանի ղեկավարների հենդիպելու գաղափարը: Սենատոր Մքքեյնն իր հերթին պատասխանել է, որ դա ճշմարիտ չէ: Նախկին պետքարտուղարների հետ վերջերս կազմակերպված հանդիպմանը Քիսինջերն ասել է, որ ԱՄՆ-ի ղեկավարները պետք է առանց նախապայմանների հանդիպեն իրանցիների հետ, սակայն նա չի ասել, որ երկու նախագահները պետք է հանդիպեն:

Հաջորդ հեռուստավեճը տեղի կունենա փոխնախագահի թեկնածուներ Հանրապետական Ալասկայի նահանգապետ Սարա Փեյլինի և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դելավեր նահանգից սենատոր Ջո Բայդենի միջև: Հեռուստավեճը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Միսուրի նահանգի Սեյնթ Լուիս քաղաքում` Վաշինգտոնի համալսարանում:

XS
SM
MD
LG