Մատչելի հղումներ

Լիբանանի քաղաքական առաջնորդները բանակցում են միասնական կառավարություն ստեղծելու շուրջ


Լիբանանի քաղաքական առաջնորդները սկսել են վարել բարձրաստիճան բանակցություններ, որոնց նպատակն է կանխել նոր քաղաքացիական պատերազմի բռնկումը երկրում: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Բանակցությունները մեկնարկել են ուրբաթ օրը` Քաթարի էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ-Թանիի պաշտոնական բացումով: Բանակցություններին մասնակցում են ինչպես Լիբանանի արևմտամետ կառավարության պաշտոնյաներ, այնպես էլ` Հեզբուլլահի գլխավորությամբ ընդդիմության ներկայացուցիչներ: Իր բացման խոսքում Քաթարի էմիրը կարևորել է հակառակորդների միջև համաձայնության գալու անհրաժեշտությունը:

Իսկ ԱՄՆ-ի պաշտոնյաների տեղեկությունների համաձայն, ուրբաթ օրը Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորան հրաժարվել է նախագահ Զորջ Բուշի հետ` կիրակի օրը Եգիպտոսում նախատեսված հանդիպումից: Պաշտոնյաներն ասում են, որ վարչապետ Սինիորան ցանկանում է իր ուշադրությունը բևեռել Դոհայում տեղի ունեցող հանդիպմանը:

Հինգշաբթի օրը Լիբանանի երկու կողմերն էլ համաձայնել են Արաբական լիգայի առաջարկին` Քաթարի վարչապետ Շեյխ Համադ բին Յասեմ Ալ-Թանիի միջնորդությամբ վերսկսել բանակցությունները նոր նախագահ ընտրելու և միասնական կառավարություն ստեղծելու շուրջ:

Հակառակորդ կողմերի միջև վերջին շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել են 65 և վիրավորվել 200 մարդ:

Նոյեմբերի 23-ին նախագահ Էմիլ Լահուդի իշխանավարության ժամկետի լրանալուց հետո Լիբանանը մինչ այժմ նախագահ չունի:

Կառավարությունը և ընդդիմությունը համաձայնության են եկել նախագահ ընտրել բանակի հրամանատար գեներալ Միշել Սուլեյմանին, սակայն նոր կառավարության կազմությունը դեռևս մնում է խնդրահարույց:
XS
SM
MD
LG