Մատչելի հղումներ

Օրիգամիի արվեստը


Հիշում եք` որքան զվարճալի էր երեխա ժամանակ թղթից ինքնաթիռ պատրաստելը: Շատերը դադարում են դրանով զբաղվել, երբ մեծանում են: Սակայն ամերիկացի գիտնական Ռոբերտ Լենգի շնորհիվ ճապոնական հին արվեստ օրիգամին` թղթի ծալումը, Սան Ֆրանցիսկոյում նոր կյանք է ստացել:

Լազերային ֆիզիկոս Լենգը ամերիկյան գրեթե 50 պատենտների հեղինակ է: Ութ տարի առաջ թողել է իր աշխատանքն օրիգամիով զբաղվելու համար: Այժմ օրիգամիի արվեստին տիրապետող սակավաթիվ մարդկանցից մեկն է:


Լենգը թղթադրամը կարող է վերածել բազմաթիվ իրերի: Նա վեց հատ մեկ դոլարանոց թղթադրամից ծաղիկ է պատրաստում, ափսե և խեցգետին` երեք թղթադրամերից: Նրա հմուտ ձեռքերում ցանկացած հաստության և կոշտության թուղթ վերածվում է արվեստի գործի:


“Հաճախ թղթի տեսակն ինքն է թելադրում, թե ինչ իրի է վերածվելու: Երբ վերցրեցի մեքսիկական թուղթը, անմիջապես հասկացա, որ այն ծաղկաման է դառնալու”,- ասում է Լենգը:


Երկրաչափական բարդ մարմինների մասին իր պատկերացումների շնորհիվ Լենգը մեծ դեր խաղաց օրիգամիի զարգացման գործում: Մոդելները, որոնք նա պատրաստում է, հայտնի չէին տաս տարի առաջ:


“Ինձ ոգեշնչում է իրական ամեն ինչ, այդ պատճառով էլ կենդանիներ շատ եմ պատրաստում”,-ասում է նա:


Լենգի աշխատանքները տարիներ շարունակ ցուցադրվել են Լինդսիի Վայրի բնության թանգարանում:


Շատ երկրների մշակույթում կա օրիգամի, սակայն այն առավել կարևոր դեր է ունեցել Ճապոնական մշակույթում: Օրիգամին ճապոներեն “օրի”, թարգմանաբար` “թուղթ”, և “գամի”` “ծալել” բառերից է: Սան Ֆրանցիսկոյի ճապոնական թաղամասում կարելի է հանդիպել օրիգամիի շատ վարպետների: Նրանցից Լինդա Տոմոկո Միհարան, ով օրիգամիով զբաղվել է հինգ տարեկանից: Նա հայտնի է իր օրիգամի կռունկներով: Կռունկները մեծ դեր են ունեցել ճապոնական մշակույթում:


“Ավանդույթի համաձայն` հարսնացուն հազար կռունկ էր պատրաստում ի նշան երկար և բարգավաճ ամուսնության, ինչպես նաև համբերատարության և հնազանդության: Այդպիսին էր հին ժամանակների մտածելակերպը”,- պատմում է Լինդա Տոմոկոն:


Լինդայի տատիկը և պապիկը կազմել են ԱՄՆ-ում հրատարակված օրիգամիի առաջին ձեռնարկը:

Նա աշխատել է Լենգի հետ, նրանք միասին պատրաստել են եռաչափ պատկերով գովազդային հոլովակի բոլոր օրիգամի մոդելները:

“Գովազդում մեքենայից բացի ամեն ինչ օրիգամի է` շենքերը, կառույցները, Վիկտորյան ժամանակաշրջանի տները, նույնիսկ` փողոցի աղբարկղերը, բույսերը և լամպերը”,-պատմում է Լենգը:

Գովազդային հոլովակից ստացված արձագանքները ոգևորել են օրիգամիի երկու վարպետներին, և նրանք հուսով են, որ մի օր կնկարվի առաջին օրիգամի ֆիլմը

XS
SM
MD
LG