Մատչելի հղումներ

Հրաժարվելով զինադադարի առաջարկներից` Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում տեղակայված Համասի թիրախների օդային ռմբակոծումը


Արդեն հինգ օր է, ինչ Իսրայելը շարունակում է ռմբակոզել Համասի զինված ուժերը և Գազայի հատվածի ենթակառույցները` ի հեճուկս միջազգային կոչերին առ այն, որ այն անմիջապես դադարեցնի հարձակումը: Իսրայելը մերժել է նույնիսկ ժամանակավոր զինադադարի առաջարկները: Չնայած լայնամասշտաբ ավերածություններին և մոտ 400 պաղեստինցի զոհերին` Համասը նույնպես չի նահանջում` շարունակելով հրաձգությունները Իրսայելի ուղղությամբ:

Չորեքշաբթի առավոտյան Իսրայելի ռազմական օդանավերը Գազայի հատվածի այլ թիրախների թվում նաև ռմբակոծել են Համասի կառավարական շենքերը Գազա քաղաքում և Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող ստորգետնյա թունելները:

Միևնույն ժամանակ Իսրայելը շարունակում է մեծ թվոն զինամիավորներ տեղադրել Գազայի շրջակայքում` նախապատրաստվելով հնարավոր ցամաքային հարձակման:

Իսկ Իսրայելի որոշ հատվածներում Համասի արձակած հրթիռների մոտեցումը նախազգուշացնող ահազանգի ձայնը դարձել է ամենօրյա երևույթ:

Ներքին սահմանային ուժերի հրամանատար Աբրահամ Բեն Դավիթը լրատվամիջոցների հետ հանդիպմանը մանրամասնել է հարձակումների ընդլայնվող շրջանակը: Նա ասել է, որ հրթիռներ են արձակվում 40-ից 50 կմ շառավիղով: Բեն Դավիթը բնակչությանը կոչ է արել մնալ իրենց տներում կամ թաքնվել բունկերներում և ապահով սենյակներում, ինչպես նաև խուսափել ամբոխներից: Իսրայելն արդեն հինգ օր է շարունակում է ռազմական գործողությունները, որոնց նպատակն է ոչնչացնել Համասի ամրակետերը և Գազայի ենթակառույցները, ինչպես նաև վերջ դնել Իսրայելի ուղղությամբ իրականացվող հրթիռային հարձակումներին:

Մինչ այժմ Իսրայելն ընդառաջ չի գնացել Ֆրանսիայի այն առաջարկին, որ 48 ժամանոց զինադադար հայտարարվի, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված:

Աշքելոն քաղաք կատարած իր այցելության ժամանակ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ Ֆրանսիայի` զինադադարի առաջարկը բավականաչափ հստակ չէ: Նա նաև նշել է, որ Իսրայելի զինված ուժերը պատրաստ են ռազմական գործողությունների` հավելելով, որ այդ պատերազմը ոչ Իսրայելի նախաձեռնությամբ է, ոչ էլ` ցանկությամբ:

Չնայած զինադադար հայտարարելու միջազգային կոչերին` Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ կշարունակեն հարձակումը, և պնդում են, որ զինադադարի ցանկացած պայմանագիր պետք է երաշխավորի, որ այլևս հրթիռներ չեն արձակվի Իսրայելի ուղղությամբ:

Չնայած զինուժի և ենթակառույցների կրած լայնամասշտաբ վնասներին և մարդկային զոհերի աճող թվին` Համասը նույնպես չի նահանջում: Համասի պաշտոնյաներն ասում են, որ զինադադար չեն խնդրում:

Համասի խոսնակ Ֆավզի Բարհումի խոսքերով, այժմ անհրաժեշտ է, որ արաբական և մահմեդական երկրներն անհապաղ միավորվեն, որպեսզի վերջ դնեն այս ագրեսիային և պաշարմանը, բացեն սահմանները և Գազան վերակառուցեն:

Համասն ասում է, որ Իսրայելն է պատասխանատու ներկա իրավիճակի համար:

Ընթացող բռնություններին զուգահեռ շարունակվում են նաև դրանց կասեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Արաբական լիգայի երկրների արտգործնախարարները ճգնաժամը քննարկելու նպատակով հանդիպել են Կահիրեում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Արաբական լիգային կոչ է արել խոսելուց բացի համապատասխան գործողությունների դիմել: Չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեսեպ Թայիպ Էրդողանը բանակցություններ է հրավիրել Սիրիայի և Հորդանանի հետ: Նա նաև պատրաստվում է Եգիպտոս և Սաուդյան Արաբիա այցելել: Հինգշաբթի օրը Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնին բանակցությունների նպատակով կմեկնի Փարիզ, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հնարավոր է, Իսրայել այցելի հաջորդ շաբաթվա սկզբին:

XS
SM
MD
LG