Մատչելի հղումներ

Իսրայելը բարկությամբ է արձագանքել պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքին


Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու փակուղում հայտնված գործընթացը մեծացրել է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածությունը: Իսրայելը Վաշինգտոնին մեղադրում է սխալ գործելակերպի մեջ:

Իսրաեյլը բարկությամբ է ընդունել ԱՄՆ-ի կողմից հրեական պետության դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը: Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Մերձավոր Արևելքում պատվիրակության անդամ Ջորջ Միթչելն ասել է, որ ԱՄՆ-ը կսառեցնի փոխառության երաշխիքների տրամադրումը, եթե Իսրայելը խոչընդոտի խաղաղության հաստատման գործընթացը:

Ի պատասխան, վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե չնայած Իսրայելի կողմից զիջումներին, պաղեստինցիները հրաժարվել են խաղաղ երկխոսություններից: Պաղեստինցիները պահանջել են մինչև բանակցությունները սկսելը լիովին դադարեցնել վիճահարույց տարածքներում իսրայելցիների նոր բնակեցումները: Իսրայլն առաջարկել է մասնակի դադարեցում:

Երուսաղեմում կառավարության շաբաթական հանդիպման ժամանակ Նեթանյահուն մեղադրանքներ է ներկայացրել Արևմուտքի աջակցությունը վայելող Պաղեստինի կառավարությանը: Նա դատապարտել է պաղեստինյան առաջնորդներին, ովքեր գովաբանում են Իսրայելի դեմ մահացու գրոհներ իրականացնողներին, այսպես կոչված` նահատակներին:


"Այդպես խաղաղություն չեն հաստատում", ասել է վարչապետը:

Վարչապետը խոսել է նաև մահմեդական Համաս խմբավորման կողմից Գազայի գոտում բռնությունների իրականացման մասին:

Անցած շաբաթ պաղեստինցիների գրոհներին Իսրայելը պատասխանել էր օդային հարվածներով:


XS
SM
MD
LG