Իսրայելը միակողմանի զանադադար է հայտարարել` ավարտելով Գազայի հատվածի 22-օրյա հարձակումը, որը, պաղեստինցի բժիշկների տվյալներով, 1,200 մարդու կյանք է խլել: Ընդ որում նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել: Սակայն, Համասը հայտարարել է, որ զինադադարի հայտարարությունը բավարար չէ, և հանձն է առել շարունակել պայքարը:
Շաբաթ ուշ երեկոյան Թել Ավիվում Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը զինադադարի հայտարարությամբ է հանդես եկել` հավաստիացնելով, որ շաբաթ օրն ստեղծված պայմանները թույլ են տվել Իսրայելին հասնել և գերազանցել բոլոր նախորոշված նպատակները:
Իսրայելը նպատակ էր հետապնդում ոչնչացնել Համասի` Իսրայելի հարավային մասի ուղղությամբ հրթիռներ արձակելու կարողականությունը և կանխել խմբավորման վերազինման հնարավորությունը` փակելով, բոլոր այն թունելները, որոնց միջոցով Համասն անօրինական ճանապարհով զինամթերք էր ներմուծում Գազայի հատված:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Համասի զինված ուժերին և Իսրայելի հարավային մասի ուղղությամբ հրթիռներ արձակելու կարողականությանը մեծ հարված է հասցվել: Նա նաև նշել է, որ ներկա դրությամբ Իսրայելի զորամիավորները կշարունակեն մնալ Գազայի հատվածում:
Համասը պահանջել է Իսրայելի ամբողջ զինուժի արագ հեռացումը Գազայի հատվածից և Գազայի սահմանային պահակակետերի բացումը: Այս զինված խմբավորման ներկայացուցիչները շաբաթ օրը հայտարարել են, որ Իսրայելի միակողմանի զինադադարը բավարար չէ, որպեսզի Համասը հրաժարվի իր պայքարից: Վարչապետ Օլմերթի զինադադարի հայտարարությունից ընդամենը մի քանի րոպե անց Գազայի հատվածից առնվազն մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի հարավային մասի ուղղությամբ:
Իսրայելի վարչապետը ներողություն է խնդրել Գազայի բնակչությունից Իսրայելի ուժերի կողմից խաղաղ բնակչությանը հասցրած ծանրագույն վնասների համար` հայտարարելով, որ Իսրայելը կաջակցի մարդասիրական և վերականգնողական աշխատանքներին: “Մենք ցավում ենք, որ, չնայած Իսրայելի բանակի հիրավի զգոնությանը, այդքան մեծ թվով մարդիկ են տուժել այս հակամարտությունից: Ցանկանում եմ Իսրայելի կառավարության անունից ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր անդարդացի կերպով կրել են Գազայի հատվածում իրականացվող գործողությունների վնասները”, մասնավորապես նշել է նա:
Սակայն ներողությունը կարող է բավարար չլինել` ի դեմս Միավորված ազգերի կազմակերպության կոչերին առ այն, որ Իսրայելի կողմից իրականացված գործողությունների համար պատերազմական հանցագործությունների հետաքննություն անց կացվի հատկապես այն հանգամանքից հետո, երբ Իսրայելի տանկը ռմբակոծել է ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Գազայում, որտեղ ապաստան էին գտել մոտ հազար խաղաղ բնակիչներ:
Իսրայելի և Համասի միջև հակամարտության հանգուցալուծման նպատակով միջնորդի դեր ստանձնած Եգիպտոսը եվրոպական պետությունների ղեկավարների հանդիպում է նախաձեռնել կիրակի օրը` քննարկելու զինադադարին և Գազայի հատվածի վերականգնմանն առնչվող խնդիրներ: