Մատչելի հղումներ

Իրաքում ավարտվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները


Պաշտոնական տվյալների համաձայն` շաբաթ օրը Իրաքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում բռնության որևէ լուրջ դեպք չի արձանագրվել: Շատերի կարծիքով, այս ընտրությունների անցկացման մթնոլորտը կարևոր ցուցանիշ էր Իրաքի կայունության համար:

Տեղական ավագանիների անդամների ընտրություններ էին անցկացվում Իրաքի 18 նահանգներից 14-ում: 2005թ. ի վեր առաջին անգամ անցկացվող տեղական ինքնակառավարման այս ընտրություններում 440 թափուր տեղերի համար պայքարում էին շուրջ 14,000 թեկնածուներ:

Ընդհանուր առմամբ բռնության մի քանի առանձին միջադեպեր են եղել: Բաղդադի Սադր թաղամասում զինվորների հետ բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, եղել է նաև մեկ վիրավոր: Մինչդեռ մայրաքաղաքից հյուսիս ընկած Տիգրիտ քաղաքում հնչել են կրակոցներ: Զոհեր և վիրավորներ չեն արձանագրվել:

Իրաքի իշխանություններն անվտանգության խստագույն միջոցառումներ էին ձեռնարկել. փակվել էին երկրի օդանավակայանները և սահմանները, ինչպես նաև սահմանափակվել էր քաղաքային երթևեկությունը:

Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքին գոհունակություն է հայտնել ընտրողների ակտիվ մասնակցության առումով: Նա նշել է, որ քվեարկությանը մասնակցողների բարձր տոկոսը ցույց է տալիս, որ մարդիկ վստահում են կառավարությանը:

Շատերի կարծիքով, այս ընտրությունները նաև ցույց կտան, թե որքանով Իրաքի զինուժը պատրաստ կլինի երկրի ներսում խաղաղություն ապահովել ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո: Իշխանությունները հուսով են, որ ընտրությունների հաջող անցկացումը բարենպաստ պայմաններ կստեղծի այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար:

Սպիտակ տան հայտարարության համաձայն` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարծիքով, տեղական ինքնակառավարման ընտրությունների անցկացումը Իրաքի ժողովրդավարական զարգացման հերթական խոշոր ձեռքբերումներից է:

XS
SM
MD
LG