Մատչելի հղումներ

Իրաքում վերաբացվել է Աբու Գրեյբ բանտը


Իրաքի իշխանությունները վերաբացել են Աբու Գրեյբ բանտը: Բաղդադից ոչ հեռու գտնվող այս հաստատությունը երկրի ամենատխրահռչակ ազատազրկման վայրերից է: Թարմ վերանորոգված այս հաստատության ղեկավարությունը հանձն է առել ազատազրկվածների նկատմամբ առավել մարդկային վերաբերմունք ցուցաբերել:

Այն այժմ կրում է “Բաղդադի կենտրոնական բանտ” անվանումը: Ներկա դրությամբ այնտեղ մոտ 400 ազատազրկված կա, սակայն պատասխանատու պաշտոնյաներն ասում են, որ այն նախատեսված է 14,000 ազատազրկվածի համար:

Աբու Գրեյբը վատ համբավ էր ձեռք բերել դեռևս Սադամ Հուսեյնի իշխանության օրոք, երբ բանտն օգտագործվում էր որպես խոշտանգումների և զանվածային մահապատիժների իրականացման վայր: Բանտում իրականացվող բռնարարքների մասին լուրեր տարածվեցին նաև 2004թ., սակայն այս անգամ դրանք իրականացվում էին բանտը վերահսկող ԱՄՆ-ի զինվորականների կողմից:

ԱՄՆ-ի Բանակի անցկացրած հետաքննությունից բացահայտվել է, որ մահվան մեկ դեպք է արձանագրվել բռնարարքների արդյունքում, որոնց թվում են եղել բռնաբարության, արվամոլության, ծեծի դեպքեր, ինչպես նաև սադիստական խաղի դրսևորումներ, որի ընթացքում վարժեցված շներով պահակներն ահաբեկել են կալանավորներին:

Իրաքի իշխանությունները հայտնում են, որ վերանորոգված բանտը ժամանակակից հարմարություններով է զինված, այդ թվում նաև`համացանցին միացված համակարգչային կետեր:

Իրաքի կառավարությունն ասել է, որ հաստատության մի մասը կգործի որպես թանգարան, որտեղ կցուցադրվեն Իրաքի նախկին տիրական Սադամ Հուսեյնի իրականացրած հանցագործությունների մասին վկայող նյութեր:

XS
SM
MD
LG