Հազարավոր կյանքեր խլած ավերիչ փոթորկից հետո միջազգային հանրությունը հանձն է առել շտապ աջակցություն ցուցաբերել Բիրմային: Սակայն օգնությունը կարող է արագ չհասնել նրանց, ովքեր դրա կարիքն անհապաղ ունեն, քանի որ ռազմական կառավարությունը զգուշություն է ցուցաբերում օտարերկրացիների նկատմամբ` նույնիսկ աղետի պայմաններում:
Հնդկաստանը սննդամթերքով, վրաններով և դեղորայքով բեռնված երկու նավ է ուղարկել` Նարգիզ փոթորկից տուժած շրջաններում բնակչությանը օգնություն հասցնելու նպատակով:
Եվրոպական Միությունը հանձն է առել 3 միլիոն դոլարին համարժեք հումանիտար օգնություն տրամադրել, իսկ Չինաստանի նախագահ Հու Ջինտաոն մեկ միլիոն դոլարին համարժեք կանխիկ գումար և պաշարներ է խոսք տվել:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը պատկանում է այն երկրների թվին, որոնք Մյանմայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում, 250,000 դոլար է հատկացրել Ռանգունում ԱՄՆ-ի դեսպանատան արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆոնդից: Սակայն ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հաղորդում է, որ որոշ տեղեկությունների համաձայն ամերիկյան գնահատող խմբին չի թույլատրվի մուտք գործել երկիր:
Թաիլանդը և Բանգլադեշը տեղեկացրել են, որ շինարարական նյութեր կտրամադրեն:
Բիրմայի ռազմական կառավարությունը օտարերկրյա աջակցությունն ընդունելու հետ մեկտեղ աջակցություն ցուցաբերող գործակալություններին տեղեկացրել է, որ օգնություն ցուցաբերող աշխատողները միևնույն է պետք է մուտքի վիզա ունենան:
Միավորված Ազգերի Կազմակերպությունը տեղեկացնում է, որ դիմել է Բիրմայի պաշտոնյաներին մուտքի պահանջները թեթևացնելու խնդրանքով, որպեսզի աջակցությունը հնարավորինս արագ հասնի նրանց, ովքեր դեղորայքի, սննդամթերքի և ապաստանի կարիք ունեն:
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Մեթյու Քոշրեյնի` Բիրմայում աշխատող Կարմիր խաչի հազարավոր ներկայացուցիչներ գործում են Իրաուադի գետի դելտայում` ուրբաթ օրը տեղի ունեցած փոթորկից ամենամեծ վնասը կրած շրջանում:
“Մենք արդեն այնտեղ փորձում ենք նախնական օգնություն տրամադրել, օրինակ` մոծակներից պաշտպանող ցանցեր, ջուրը զտող հաբեր և այլն,” ասել է պարոն Քոշրեյնը: “Սակայն ակնհայտ է, որ գալիք օրերի ընթացքում այդ օգնությունը պետք է զգալի կերպով ավելացվի”:
Կարմիր խաչի ներկայացուցչի կարծիքով, ավերումների մակարդակը ահռելի է` 2004թ. դեկտեմբերին Հարավային Ասիայում տեղի ունեցած երկրաշարժի համեմատությամբ:
“Կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունն իսկապես մասնակից դառնա այս ամենին, քանի որ սա զանգվածային աղետ է, և էական աջակցության կարիք է լինելու,” ասել է պարոն Քոշրեյնը: “Մեր հաշվարկներով մեկ միլիոնից ավել մարդ է տուժել այս աղետից”:
Բիրման յուրաքանչյուր շնչի համար ընդամենը մի քանի դոլար միջազգային աջակցություն է ստանում: Դրա պատճառներից են ինչպես օտարերկրյա պետությունների կողմից շուրջ մեկ տասնամյակ կիրառվող պատժամիջոցները, այնպես էլ Բիրմայի կառավարության սահմանափակումները այն միջազգային աջակցության կազմակերպությունների նկատմամբ, որոնք ցանկանում են աջակցել Բիրմային` Ասիայի ամենաաղքատ պետություններից մեկին: