Մատչելի հղումներ

Եվրոպացի բասկեդբոլիստները համալրում են ԱՄՆ-ի առաջատար թիմերի շարքերը


Ժամանակին Բասկեդբոլի ազգային ասոցիացիայի` Էն-Բի-Էյ-ի թիմերում միայն ամերիկացիներ էին: Սակայն իրավիճակն այժմ փոխվել է. այս տարի բասկեդբոլի առաջնային լիգայում մասնակցում են ԱՄՆ-ից բացի 32 այլ պետություններից մարզիկներ:

Ալեքսանդր Պավլովիչն իր մանկությունն անց է կացրել Սերբիայում` շատ հեռու Քլիվլենդից` այն քաղաքից, որտեղ իր թիմը պայքարում է Էն-Բի-Էյ չեմպիոնի տիտղոսի համար:

“Բասկեդբոլը համատարած է: Եվրոպայում` այդ թվում և Սերբիայում, շատ տաղանդավոր բասկեդբոլիստներ կան, ովքեր, հուսով եմ, կհասնեն նման բարձունքների”, ասում է Պավլովիչը:

Բասկեդբոլի ազգային ասոցիացիայի թիմերում օտարերկրացիների թիվը գնալով աճում է: Իսպանացի Փոլ Գասալը Լոս Էնջելես Լեյքըրս թիմի առանցքային խաղացողներից է: Փորձագետների կարծիքով` այս թիմը եզրափակիչ փուլում պայքարելու է Քավալիերս թիմի հետ, որտեղ բացի սերբ Պավլովիչից խաղում է նաև լիտվացի Ժինդրունաս Իլգոուսկասը:

Այս խաղաշրջանում լիգայում ներգրավված են 77 օտարերկրացիներ, ինչը համապատասխանում է վերջին յոթ տարիներին արձանագրված միջին թվին: Համեմատության համար` 1946թ. Էն-Բի-Էյ-ի մեկնարկից մինչև 80-ականների կեսերը նրանց թիվը տարեկան 10-ից չի գերազանցել:

Քավալիերս թիմի մարզիչ Մայք Բրաունի խոսքերով` լիգայում միջազգային ներկայությունը շատ կարևոր է: “Խոսքը միայն Էն-Բի-Էյ-ի, սպորտի մասին չէ, աշխարհի դրվածքն է այդպիսին. սա միջազգային հանրություն է: Դա շատ է հետաքրքրացնում խաղը”, ասում է նա:

Էն-Բի-Էյ-ում ներկայացված արտասահմանցիները միշտ էլ տարբեր երկրներ են ներկայացրել, օրինակ` Յաո Մինգը Չինաստանից, Հիդո Թուրքողլուն Թուրքիայից, Անդերսեն Վարաեջոուն Բրազիլիայից կամ Թիմ Դանքընը ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներից:

Սակայն նրանց մեծ մասը` մոտ երկու երրորդը, եվրոպացիներ են: Ընդ որում առաջին տեղը զբաղեցնում է Ֆրանսիան, որտեղից ինը խաղաղացող է եղել, այդ թվում և Սան Անտոնիո Սփըրս թիմից գերաստղ Թոնի Փարքերը:

Մեծ թվով խաղացողներ են եղել նաև Բալկաններից` 21 հոգի Սերբիայից, 11 հոգի Խորվաթիայից և ութ հոգի Սլովենիայից:

Սան Անտոնիոյից Ֆաբրիչիո Օբիերտոն 2004թ. խաղացել է Արգենտինայի օլիմպիական թիմում, որը ոսկե մեդալի արժանացավ: Նրա կարծիքով` Էն-Բի-Էյ-ը բոլոր արտասահմանցի բասկեդբոլիստների երազանքն է:

“Ես գերագույն հաճույք եմ ստանում այստեղ խաղալով: Այստեղ են ամենալավ մարզիկներն ու թիմերը”, խոստովանել է նա:

Մինչ Էն-Բի-Էյ-ը բազմաթիվ արտասահմանցի բասկեդբոլիստներ փորձում են ընդունվել ամերիկյան համալսարաններ կամ ընդգրկվել եվրոպական պրոֆեսիոնալ թիմերում, որտեղից հաճախ ընտրվում են Էն-Բի-Էյ-ի համար: Իսկ բասկեդբոլի լիգան երիտասարդական ճամբարներ է կազմակերպում հինգ մայրցամաքներում:

Էն-Բի-Էյ-ի մարզիչ Մայք Բրաունն ասում է, որ նրանք հնարավոր խաղացողներ են փնտրում ամառվա ամիսներին և նույնիսկ խաղաշրջանի ընթացքում:

Ուոշինգթըն Ուիզարդզ թիմից երեք անգամ գերաստղի տիտղոսի արժանացած Ջիլբըրթ Արենասն ասում է, որ արտասահմանցիները բարձրացրել են խաղի որակը: Մատնանշելով իսպանացի Ռիկի Ռուբիոյի օրինակը` նա ասում է, որ, անկախ տարիքից, նրանք շատ լավ են տիրապետում խաղի տեխնիկային:

“Օրինակ, երբ տեսնում ես, թե ինչպես է 17-ամյա Ռիկի Ռուբիոն տիրապետում բասկեդբոլի հիմնարար սկզբունքներին, գիտես, որ դիմացդ տաղանդ է, որը պետք է զարգացնես: Մինչ այստեղ գալը նրանք արդեն տիրապետում են խաղի հիմունքներին”, նշել է նա:

Այդ իսկ պատճառով այժմ օլիմպիական ոսկու համար ԷՆ-Բի-Էյ-ի ամենալավ խաղացողներից կազմված և, այսպես կոչված, Երազային թիմը լուրջ մրցակիցներ ունի: Մինչդեռ գալիք տարիներին ամերիկյան թիմերում խաղացող արտասահմանցիների թիվն էլ ավելի կավելանա:

XS
SM
MD
LG