Մատչելի հղումներ

Առողջապահական փորձագետներն զգուշացնում են, որ խոզի վարակը կշարունակի տարածվել


Ամբողջ աշխարհում պետություններն առավել ակտիվացրել են մահացու խոզի գրիպի դեմ պայքարը: Գրիպի արդյունքում տասնյակ մարդիկ են մահացել Մեքսիկայում, իսկ վարակը շարունակում է տարածվել աշխարհով մեկ:

Չնայած խոզի գրիպը համավարակի չի վերածվել, այն շարունակվում է տարածվել վարակի սկզբնաղբյուր հանդիսացող Մեքսիկայի սահմաններից դուրս: Պետությունները վերահսկում են ճանապարհորդներին` համապատասխան ախտանիշներով մարդկանց հայտնաբերելու նպատակով, և ի մի են բերում հակավարակային դեղամիջոցների պաշարները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Գրեգորի Հարթլը հետևյալ նախազգուշացումն է արել. "Մենք էապես շատ մոտ ենք համավարակային իրավիճակի: Չորրորդ փուլը ինչ-որ առումով շրջադարձային փուլը”:

Չորրորդ փուլը նշանակում է, որ վարակը կարող է մարդուց մարդ անցնել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից Էն Շուչաթը ԱՄՆ-ի սենատում ելույթ ունենալիս նշել է, որ իրավիճակը մոտակա ապագայում չի բարելավվի: Նա ասել է, պետք է պատրաստ լինել իրավիճակի վատթարացմանը:

Չնայած հյուսիսային կիսագնդում մոտենում է գրիպի սեզոնի ավարտը, վարակիչ հիվանդությունների մասնագետ Էնթընի Ֆաուչիի կանխատեսումները լավատեսական չեն:

"Այս տիպի վարակները կարող են ի հայտ գալ գարնանը, ընդ որում դրանք կարող են լինել թեթև կամ սուր արտահայտված, դրանք կարող են նեղ կամ լայն տարածում գտնել: Սակայն, դատելով անցյալից, գիտենք, որ ձմռանը կրկին ի հայտ գալու դեպքում` դրանք առավել դիմացկուն են դառնում”, ասել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն` խոզի գրիպը խոզերի շրջանում հանդիպում սուր վարակիչ շնչառական հիվանդություն է, սակայն այս վարակն ուրիշ է: "Այս վարակը` H1N1-ը կամ, ինչպես ասում ենք, խոզի գրիպը, ընդհանրություններ ունի և՛ մարդկային գրիպի և՛ խոզի գրիպի և՛ թռչնագրիպի հետ: Արդյունքում ստացվում է երեք վարակների մի խառնուրդ, որի հետ երբևէ չենք առնչվել”, նշել է նա:

Դոկտոր Ֆաուչիի խոսքերով` աշխարհը գրիպի համավարակի սկսել է նախապատրաստվել դեռևս մի քանի տարի առաջ սկսված մահացու թռչնագրիպի տարածումից հետո: Նա նշել է, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնին հաջողվել է մեկուսացնել խոզի գրիպի վիրուսը, և դեղագործական ընկերություններն սկսել են աշխատել պատվաստում մշակելու ուղղությամբ:

"Ահա այսպիսի աշխատանքներ են տարվում պատվաստում ստեղծելու նպատակով: Ամեն դեպքում պետք է հստակ արձանագրել, որ սկսվել և առաջ են ընթանում պատվաստման մշակմանն ուղղված աշխատանքները”, նշել է դոկտոր Ֆաուչին:

Խոզի գրիպի դեմ պատվաստանյութի պատրաստման համար մի քանի ամիս կպահանջվի: Մինչ այդ առողջապահական պաշտոնյաները մարդկանց հորդորում են հաճախակի լվանալ ձեռքերը, հազալիս փակել բերանն ու քիթը, խուսափել մեծ ամբոխներից, հեռու մնալ հիվանդ մարդկանցից և, ցավ զգալու կամ բարձր ջերմություն ունենալու դեպքում, դիմել բժշկի:

XS
SM
MD
LG