Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հեյդլիի մեկնաբանություններն Իրանի շուրջ


ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին իր ելույթում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հեյդլին հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար ամենախնդրահարույց երկիրը: Մասնավորապես նա անդրադարձել է Իրանի վարչակարգի առաջ բերած խնդիրներին, որոնց ստիպված կլինի անդրադառնալ նորընտիր նախագահ Օբամայի վարչակազմը:

“Այս տարածաշրջանում ամենախնդրահարույց երկիրն Իրանն է: Իրանի հետ բանակցություններն առանց համապատասխան նախապայմանների, ինչպես ոմանք են առաջարկում, չեն հանգեցնի Իրանի պահվածքի փոփոխության և չեն խթանի ԱՄՆ-ի շահերը: Ներկա վարչակազմն իր միջազգային գործընկերների հետ մեկտեղ էապես ընդլայնված լծակներ է ստեղծել նորընտիր վարչակազմի համար: Սակայն հարց է ծագում, թե ինչպես նոր վարչակազմը կօգտագործի այդ լծակները` փոփոխելու Իրանի քաղաքականությունը միջուկային ծրագրի, ահաբեկչության և Մերձավոր Արևելքի խաղաղության երաշխավորման հարցերում”, նշել է Սթիվեն Հեյդլին:

Ասոշիեյթիդ Փրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սթիվեն Հեյդլին ասել է, որ “առանց նախապայմանների բանակցություններ վարելը միամտություն կլինի, քանի որ առանց նախապայմանների բանակցությունների արդյունքում հնարավոր չէ այնպիսի համաձայնություն ձեռք բերել, որը նպաստավոր կլինի սեփական շահերի խթանման տեսանկյունից”: Նա հավելել է, որ վերջին տարիների ընթացում Միացյալ Նահանգների` Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հաջողված ջանքերի շնորհիվ Օբամայի վարչակազմը կկարողանա առավել խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ` վերջինիս վարչակարգին ստիպելու հրաժարվել իր քայքայիչ քաղաքականությունից:

Սթիվեն Հեյդլին ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և աշխարհի կայունության համար ամենամեծ սպառնալիքը կլինի “աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների կողմից աշխարհի ամենավտանգավոր զենքերի գործադրումը”: Խաղաղություն երաշխավորելու նպատակով, նշել է նա, անհրաժեշտ է համակցել պետական ներուժի բոլոր տարրերը` դիվանագիտական, տնտեսական և ռազմական: “Այս տարրերը, ճիշտ կիրառման դեպքում, կարող են լրացնել միմյանց: Ուժի կիրառումը դիվանագիտությունն առավել արդյունավետ է դարձնում. ռազմական ուժի և տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի հետ մեկտեղ մենք պետք է պատշաճ տեղ հատկացնենք նաև դիվանագիտությանը”:

XS
SM
MD
LG