Մատչելի հղումներ

Գուգըլն էլեկտրոնային համաշխարհային գրադարան է ստեղծում


Գուգըլ էլեկտրոնային հսկան նախատեսում է թվայնացնել աշխարհի բոլորը գրքերը և դրանք դարձնել որոնելի, ինչն աննախադեպ հնարավորություն է գիտելիքի հսկա հավաքածուից օգտվելու համար: Սակայն վիճելի է`ով է լինելու դրանից ստացվող շահույթի տերը: Գուգըլի նախագիծը քննադատվել է գիտնականների, հեղինակների և բարձր տեխնոլոգիաների մրցակից ընկերությունների կողմից, որոնցից մի քանիսը դատավարություն են սկսել ծրագիրը դադարեցնելու կամ դրանում փոփոխությունները մտցնելու համար:

Գուգըլի Գրքերի ծրագրի տնօրեն Դենիել Քլենսիի խոսքերով` ընկերության նպատակը 40 միլիոն գրքեր թվայնացնելն է:

"Գուգըլի նպատակն աշխարհի ամբողջ տեղեկատվությունը համակարգելն է", - ասել է նա:

Սթենֆըրդի համալսարանը, Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանը և Միչիգանի համալսարանը Գուգըլի հետ համաձայնագիր են ստորագրել` թույլատրելով թվայնացնել իրենց գրքերը:

Սթենֆըրդի գրադարանավար Մայքըլ Քելլերի խոսքերով` այս նախաձեռնությունը նոր կյանք կհաղորդի չճանաչված գրքերին:

"Գրքերից ավելի շատ կօգտվեն, երբ դրանք թվայնացվեն և հասանելի լինեն համացանցում",- համոզված է նա:

"Բաց գրքերի" դաշնության դատապաշտպան Գերի Ռեբեքը զգուշացնում է, որ գուցե սկզբում գրքերը լինեն անվճար, սակայն հետագայում Գուգըլը կարող է մեծ գումարներ գանձել դրա դիմաց: Դաշնության անդամ են նաև "Մայքրոսոֆթը" և "Ամազոնը":

"Դա հանրային գրադարան չէ, այն մասնավոր է: Եվ այն հսկայական շահույթ է հետապնդում: Կրկնօրինակած գրքերից օգտվելու համար Գուգըլը գումարներ կգանձի նույնիսկ դպրոցականներից",- ասում է նա:

Վիճելի չէ հեղինակային իրավունք ունեցող գրքերի թվայնացումը, և ոչ էլ այն հին գրքերի, որոնց հեղինակային իրավունքի ժամկետը լրացել է:

Խնդիրներ ծագում են "որբ գրքերի" թվայնացման հետ: Դրանք այն գրքերն են, որ արդեն տպագրվել են, սակայն հեղինակային իրավունքի ժամկետը դեռ չի լրացել, իսկ իրավունք կրողն անհայտ է: Այս գրքերի թվայնացված օրինակների վաճառքը կարող է շահավետ լինել, սակայն ով պետք է ստանա այդ շահույթը:

Գուգըլը հավաստիացնում է, որ ծրագրի նպատակն ավելին է, քան դրամը:

Գուգըլը շարունակում է թվայնացնել գրքերը, իսկ դաշնային դատարանը լսումները կսկսի փետրվար ամսին:

XS
SM
MD
LG