Մատչելի հղումներ

Ոչ մի հույս Նյու Յորքի գործազուրկների համար


Նախագահ Օբաման նոր օրենք է ընդունել, որով հարկային արտոնություններ կտրամադրվեն այն գործատուներին, ովքեր նոր աշխատողներ կընդունեն: Ներկայումս Նյու Յորքում գործազրկության մակարդակը տաս տոկոս է, այսինքն` չորս հարյուր հազարից ավել մարդ աշխատանք է փնտրում: Եվ այդ թվում ներառված չեն նրանք, ովքեր ոչ մի հույս չունենալով, դադարել են աշխատանք փնտրել:


Դուեյն Ռենդըլը հինգ տարի է` աշխատանք չունի: Նա ասում է, որ առաջին տարում աշխատանքի համար դիմել է հարևանությամբ գտնվող բոլոր բիզնեսներին և խանութներին: Դուեյնը երկու երեխա ունի, իսկ ապրում են պետությունից ստացված նպաստով և փոքր աշխատանքների շնորհիվ, որ նա կատարում է որպես արհեստագործ:

“Ոչ մի օգուտ, ոչ մի չարձագանք: Նույնիսկ եթե հայտարարություն չկար, ես գնում և հետաքրքրվում հնարավորություններով: Գուցե հաճախ փորձում են հասկանալ որքան ես վճռական աշխատելու հարցում”,- պատմում է նա: “Ես հասկանում եմ էլեկտրականությունից, կարող եմ տանիք նորոգել, փայտի հետ աշխատել: Ես շատ հմտություններ ունեմ, որոնք չեմ կարողանում օգտագործել: Ամեն օր նոր տներ են կառուցում, սակայն աշխատատեղ չի ստեղծվում”:

Դժվար է նաև Մանհեթընում բնակվող Ստեֆընի Ֆորմընի համար: Մեկ տարի առաջ նա բարձր վարձատրվող փորձագետ էր, իսկ այսօր իր կենսաթոշակի միջոցներով է ապրում, մինչև նոր աշխատանք կգտնի:


“Երկրում թյուր կարծիք կա աշխատանքի շուկայի բարելավման մասին: Այն որ ընկերությունները թափուր աշխատատեղի հայտարարություն են տալիս, չի նշանակում` նրանք վարձում են աշխատողներ: Ելնելով բիզնեսում իմ ունեցած փորձից` կարող եմ ասել, որ քսանհինգ տարվա ընթացքում աշխատանքի շուկան երբեք այսպիսին չի եղել”:


Սակայն Ֆորմընը չի հանձնվում և շարունակում է աշխատանք փնտրել:


“Ես շարունակում եմ առաջ նայել: Աշխատանք և եկամուտ չունենալը բավարար չէ թևաթափ լինելու համար”,-ասում է նա:

Ըստ Ֆորմընի` կարևոր է շարունակ աշխատելը և նոր հնարավորություններին պատրաստ լինելը:

XS
SM
MD
LG