Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի պաշտոնամուտի նախօրեին մայրաքաղաք Վաշինգտոնում հուզումնալից մթնոլորտ է տիրում: Նախնական հաշվարկների համաձայն` ակնկալվում է, որ մեկից երկու միլիոն մարդ ականատես կլինի երկրի առաջին սևամորթ նախագահի` Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը:
Հարյուր հազարավոր այցելուներ են ժամանում Վաշինգտոն` երեքշաբթի օրը ներկա գտնվելու այս պատմական իրադարձությանը:
"Սա մի աննախադեպ պատմական իրադարձություն է: Մեզ համար միանշանակ էր, որ պետք է ականատես լինենք այս ամենին, պարզապես չգիտեինք, թե երբ և ինչպես այստեղ կհայտնվենք”, նշել է մի կին:
Այովա նահանգի մի միջնակարգ դպրոցից ժամանած աշակերտների խմբից մի տղա այս կապակցությամբ ասել է. "Մենք շատ էին ուզում այստեղ գալ և հիրավի զգալ այս հուզումնալից պահը”:
Իր պաշտոնամուտի նախօրեին նորընտիր նախագահ Բարաք Օբաման այցելել է Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինվորների:
Նորընտիր փոխնախագահ Ջո Բայդընի հետ մեկտեղ նա նաև հարգանքի տուրք է մատուցել քաղաքացիական իրավունքների ջատագով Մարթին Լյութեր Քինգի հիշատակին: Վերջինիս ծննդյան առիթով` երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշվում է որպես ազգային տոն: Բացի այդ, նորընտիր նախագահն ու փոխնագահը հանրօգուտ ծառայություններին նվիրված այս օրվա շրջանակներում մի խումբ կամավորների հետ միասին աշխատանքներ են իրականացրել համայքային վերականգման մի ծրագրի օգտին:
Մինչդեռ Վաշինգտոնում ավարտին են հասցվում պաշտոնամուտի արարողության և տոնակատարության նախապատրաստական աշխատանքները:
Վաշիգնտոնի քաղաքապետ Էդրիան Ֆենթին Էն-Բի-ՍԻ հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները լիովին պատրաստ են ընդունելու աննախադեպ մեծ թվով մարդկանց, ովքեր Վաշինգտոն են ժամանում` ներկա գտնվելու Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը:"Դա մի հիասքանչ օր է լինելու: Քաղաքը մեծ սիրով ողջունում է բոլոր այցելուներին”, մասնավորապես ասել է նա: Քաղաքում առավելագույն խստությամբ անվտանգություն է երաշխավորված:
Ներքին գործերի նախարար Մայքլ Չերտոֆը հայտարարել է, որ իշխանությունները մեծապես հաշվի են առնում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի պաշտոնամուտը պատմական նշանակության իրադարձություն է:
"Դա կարող է վատ արարքների դրդել բնաչկության այն շատ փոքր հատվածին, ովքեր նախապաշարումներ ունեն: Այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորինս անենք, որ այդ մարդկանցից և ոչ մեկը չկարողանա հայտնվել նոր նախագահի մերձակայքում”, ասել է Մայքլ Չերտոֆը:
Բարաք Օբաման Վաշինգտոն է ժամանել շաբաթ օրը գնացքով` այդպիսով պատմական տուրք մատուցելով 1861թ. նախագահ Աբրահամ Լինկոլնի` իր պատշոնամուտից առաջ անցած ճանապարհին:
Կիրակի օրը Վաշինգտոնում` Լինկոլնի հուշարձանի մերձակայքում, կազմակերպված համերգին ելույթ ունենալով` նորընտիր նախագահին իրենց հարգանքի տուրքն են մատուցել բազմաթիվ հանրահայտ երգիչներ և դերասաններ:
Նորընտիր նախագահը գիտակցում է, որ իր նախագահության հանդեպ ակնկալիքները չափազանց մեծ են` հաշվի առնելով իր առջև ծառացած տնտեսական և արտաքին մարտահրավերները:
“Ես չեմ պատրաստվում հայտարարել, որ այս մարտահրավերներին դիմակայելը հեշտ է լինելու: Այս խնդիրները լուծելու համար մեկ ամսից ավել, մեկ տարուց ավել և նույնիսկ մի քանի տարի կպահանջվի”, ասել է նա` ողջունելով համերգի ներկաներին:
Երկուշաբթի օրը Բարաք Օբաման երեք առանձին պաշտոնական ճաշկերույթ կհյուրընկալի` նորընտիր փոխնախագահ Ջո Բայնդընի, նախկին պետքարտուղար Քոլլին Փաուելի և նախագահական ընտրություններում պարտություն կրած Արիզոնա նահանգից սենատոր Ջոն Մքքեյնի մասնակցությամբ:
Երեքշաբթի առավոտյան նորընտիր նախագահը կայցելի Սպիտակ տուն` նախագահ Բուշի հետ սուրճ ըմպելու: Այնուհետև նրանք միասին կուղևորվեն դեպի Կոնգրեսի շենք, որտեղ և տեղի կունենա երդմնակալության արարողությունը և նոր նախագահի պաշտոնամուտի ելույթը: