Մատչելի հղումներ

Եվրոպական Միության ղեկավարների գագաթաժողովը Վրաստանի խնդրի շուրջ


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տեղեկացրել է Եվրոպական Միության ղեկավարներին առ այն, որ հանդիպում է տեղի ունենալու` քննարկելու Վրաստանի ճգնաժամը և վերանայելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ֆրանսիան ներկայում Եվրոպական Միության նախագահողի դերում է:

Եվրոպական Միության 27 պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Բրյուսելում: Հանդիպման ընթացքում նաև կքննարկվի Վրաստանին ուղարկվելիք օգնության փաթեթը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը գերմանական հեռուստատեսությանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն Ռուսաստանը դեռևս չի դուրս բերել իր զորքը Վրաստանից` խախտելով Ֆրանսիայի կողմից միջնորդավորված զինադադարի պայմանագիրը:

Անգելա Մերկելն ասել է, որ ռուսական ուժերը դեռևս զբաղեցնում են սևծովյան Փոթի նավահանգիստը, որը նրա կարծիքով ռազմավարական կետ է, այլ ոչ` անվտանգության գոտի: Զինադադարի պայմանագրով նախատեսված է, որ ռուսական ուժերը կարող են պարեկել Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջը սահմանված անվտանգության գոտում:

Ռուս գեներալ Անատոլի Նոգովիցինն այնուամենայնիվ մեղադրում է Վրաստանին Հարավային Օսիայի դեմ հետագա ռազմական գործողություններ նախատապրաստելու մեջ: Նա պնդել է, որ ռուսական զորքերը զբաղեցրել են առանցքային դիրքեր խաղաղություն երաշխավորելու համար:

Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությանը` Կանցլեր Մերկելն իր կարծիքն է արտահայտել, որ սա նոր Սառը պատերազմի սկիզբ չէ:

Կիրակի օրը Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանալ հումանիտար օգնություն բերող ԱՄՆ-ի ՄաքՖոուլ նավը, որը կրում է սանիտարահիգիենիկ փաթեթներ, երեխայի կեր, վերմակներ և այլ պարագաներ: Գալիք օրերի ընթացքում հումանիտար օգնություն կրող ևս մի քանի ԱՄՆ նավեր են սպասվում:

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Հենրիետա Ֆորը տեղեկացրել է, որ մինչև այժմ 13 միլիոն ամերիկյան դոլարի համարժեք օգնություն է ուղարկվել:

Կիրակի օրը Ադրբեջանից Վրաստանի սևծովյան ափ նավթ տեղափոխող գնացք է պայթել Վրաստանի Գորի քաղաքի շրջակայքում: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը ռուսական ականի պատճառով է եղել:

XS
SM
MD
LG