Մատչելի հղումներ

Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել


Եվրոպական Միության անդամները Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն են տվել` ի պատասխան վերջինիս հաստատակամությանը չհրաժարվել իր միջուկային ծրագրից:

Իրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների թվում են Իրանի ամենամեծ բանկի` Բանկ Մելլիի ակտիվների սառեցումը, ինչպես նաև մուտքի վիզայի չտրամադրումը Իրանի միջուկային ծրագրին առնչվող պաշտոնյաներին:

Իրանն ասում է, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով էլեկտրաէներգի ստանալու համար է, սակայն արևմտյան պետությունները մտահոգություն ունեն, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստանալ:

ԱՄՆ-ը և 27 անդամ պետությունից կազմված Եվրոպական Միությունը այս ամսվա սկզբին համաձայնության են եկել նոր քայլեր ձեռնարկել` ավելացնելով գոյություն ունեցող պատժամիջոցները:

Սակայն Ռոյթերս լրատվական գործակալության տվյալների համաձայն` Եվրոպական Միությունը դեռևս տնտեսական խթանիչներ է առաջարկում Իրանին` վերջինիս կողմից ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու դեպքում:

Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու Խավիեր Սոլանան այդ առաջարկները ներկայացրել է այս ամսվա սկզբին Թեհրանում տեղի ունեցած և հաջողության չհասած բանակցությունների ժամանակ:

Անցյալ շաբաթ Սոլանան լրագրողներին հայտնել է, որ այդ առաջարկները 2006թ. արդեն իսկ ներկայացված և Իրանի կողմից մերժված առաջարկների փաթեթի վերանայված տարբերակներն են: “Հուսով եմ, որ շատ շուտով կստանանք քննարկված հարցերի շուրջ Թեհրանի պատասխանը, ինչը շատ կարևոր է: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ միջուկային գործունեության խնդիրը հստակ լուծում ստանա.” ասել է նա:

Իրանն ասել է, որ Եվրամիության վերջին առաջարկները խրախուսելի են, սակայն հերքել է ցանկացած կոչ իր միջուկային ծրագիրը սառեցնելու առնչությամբ:

ԱՄՆ-ը նույնպես Թեհրանի հետ ճգնաժամը դիվանագիտական ուղով լուծելու կողմնակից է: Միևնույն ժամանակ, Իրանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ասել է անցյալ շաբաթ, որ ներկա պատժամիջոցների ազդեցությունը մեծ չէ երկրի տնտեսության վրա:

XS
SM
MD
LG