Մատչելի հղումներ

Բնապահպանության պաշտպանության գործակալությունը վերանայում է ազոտի օքսիդի վերաբերյալ օդի որակի պետական չափորոշիչները


Առողջապահության ջատագով Հեթըր Գրզելկան Վաշինգտոնի շրջակայքի աղտոտված օդի վերաբերյալ իր անձնական պատմությունն ունի: Նա այլոց հետ ցուցմունքներ է տվել Բնապահպանության պաշտպանության գործակալության կողմից հրավիրված ինը ժամյա հանրային լսումներում, ինչի նպատակը ազոտի օքսիդի`NO2-ի մասով օդի որակի պետական չափորոշիչների վերանայման վերաբերյալ հանրային կարծիքն իմանալն էր:

Անցած երկու տարիներին Հեթըրի տասնմեկամյա դուստր Կատրին Գրզելկան անընդհատ հազացել է: Նա բազմաթիվ միջոցներ, դեղահաբեր է օգտագործել: Նրա մայր Հեթըրն ասում է, որ դուստրը կատարյալ առողջ էր, երբ 2007թ. Տեխասի փոքր քաղաքից տեղափոխվեցին Վաշինգտոնի արվարձաններ: Սակայն վերջին երկու տարիների ընթացքում նրանք անընդհատ այցելել են բժիշկների` պարզելու համար Կատրինի հազի պատճառը:

Բժիշկների ախտորոշումները տարբեր են եղել` սկսած ասթմայից մինչև սուր ալերգիա, մինչև անգամ հազալու սովորություն: Ուստի Հեթըրն առայժմ հրաժարվել է բժշկական ախտորոշումներից: Նա Կատրինի հազի պատճառ համարում է իր շրջանում առկա օդի ծանր աղտոտումը:

Հեթըր Գրզելկան աշխատում է Թոքաբանության ամերիկյան ասոցացիայում և երկար տարիներ առողջապահության ջատագով է: Այժմ իրեն զգում է զոհի անսովոր դերում: Նրա դուստրն անընդմեջ հազում է, և ինքն անձամբ ունի շնչառական խնդիրներ, որն, ըստ իրեն, կեղտոտ օդի հետևանք է:

Երկուշաբթի նա ցուցմունք է տվել Բնապահպանության պաշտպանության գործակալությունում` ազոտի երկօքսիդի` NO2-ի չափորոշիչների խստացման շուրջ կազմակերպված բաց քննարկման ժամանակ: NO2-ն առաջանում է մեքենաների, բեռնատարների և գործարանների արտանետումներից: Այն նպաստում է օզոնի շերտի գոյացմանը և ոմանց կարծիքով` խորացնում շնչառական խնդիրները, հատկապես` ասթման:

ԱՄՆ-ի Բնապահպանության պաշտպանության գործակալության օդի որակի պլանավորման և չափորոշիչների գրասենյակի առողջապահության և բնապահպանաության ազդեցության բաժնի փոխտնօրեն Ռոզալինա Ռոդրիգեզի հավաստմամբ` 1996 թվականին չափորոշիչների վերջին վերանայումից հետո կատարված վարակաբանական նոր հետազոտություները վկայում են առողջական խնդիրներ մասին, հատկապես` երեխաների, ծերերի, ասթմատիկ և բնակչության զգայուն ենթախմբերի մոտ: Այս ամենը գիտական հիմքեր են հանդիսանում գործողությունների դիմելու համար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով` 23 միլիոն ամերիկացի տառապում է ասթմայով, ինչը հսկայական տնտեսական ծախսեր է ենթադրում:

Մաքուր օդի մասին օրենքով Բնապահպանության պաշտպանության գործակալությունը պարտավոր է վերանայել օդի որակի պետական չափորոշիչները: Առաջարկվող նախագիծն առաջին անգամ կսահմանի NO2-ի ավելի խիստ չափորոշիչ մեկ ժամի կտրվածքով:

Սակայն նավթի և գազի արդյունաբերության լոբբինգով զբաղվող Ամերիկյան նավթային ինստիտուտից Հովարդ Ֆելդմանի կարծիքով` նոր նախագիծն անհրաժեշտ չէ, քանի որ, ըստ գործակալության տվյալների` NO2-ի խտացումը կտրուկ նվազել է, մինչդեռ իր ներկայացրած ոլորտն արդեն իսկ կատարել է իր պարտավորությունները` ներկայացնելով ավելի մաքուր դիզելային վառելիք, և արտադրության պատրաստելով քիչ աղտոտող բեռնատարներ, ենթակայաններ և էլէկտրակայաններ:

Նախագծի շուրջ մեկ այլ հանրային լսում է նախատեսված նաև Լոս Անջելոսում, որտեղ օդի աղտոտումը լուրջ խնդիր է: ԱՄՆ-ում NO2-ի ամենախիստ չափորոշիչները կիրառվում են Կալիֆորնիայում: Շատերը Բնապահպանության պաշտպանության գործակալությանը հորդորում են հետևել Կալիֆորնիայի օրինակին, որտեղ որոշ փորձագետներ պնդում են, որ NO2-ի երկարատև ազդեցությունը խոչընդոտում է երեխաների թոքերի բնականոն զարգացմանը և գործունեությանը:

Գործակալության պաշտոնյաները հաջորդ 60 օրերի ընթացքում կգրանցեն քաղաքացիների մեկնաբանությունները և վերջնական որոշում կկայացնեն 2010 թվականի հունվարին:

XS
SM
MD
LG