Անօթևան ընտանիքների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ` ԱՄՆ-ում ավելի քան 1.5 միլիոն երեխաներ անօթևան են: Խնդիրն ահազանգելու համար տասնմեկամյա Զաք Բոնները Ֆլորիդա նահանգի իր հայրենի քաղաք Տամպայից քայլելով եկել է մայրաքաղաք Վաշինգտոն: Ճանապարհին նա օգնել է ապաստարաններում ապրող անօթևաններին:
Քայլելով 1900 կմ տասնմեկամյա Զաք Բոնները ցանկանում է լսելի դարձնել անօթևան երեխանների խնդիրը: Նա զարմանում է, որ ԱՄՆ-ում գոյություն ունեն երեխաններ, ովքեր տուն չունեն:
Նա ճամփորդել է Ֆլորիդայից մայրաքաղաք Վաշինգտոն` բարձրաձայնելու անօթևան երեխաների խնդիրը:
“Ես զարմանում եմ, որ մեծ թվով մարդիկ չգիտեն անգամ այս խնդրի մասին: Իրականում խնդիրը ոչ թե պարզապես գոյություն ունի, այլ գնալով ավելի է բարդանում”, - ասում է նա:
“Վիճակն ավելի է վատանում, քանի որ ներկայիս տնտեսական ճգնաժամի պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը, կորցնում են նաև իրենց տունը և դառնում անօթևան: Երբեմն էլ ընտանիքներում առկա բռնության պատճառով երեխաները փախչում են տանից”,- շարունակում է Զաքը:
Զաքը քայլերթն ավարտեց ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, որտեղ մի քանի կոնգրեսականներ նրան գովեստի խոսքեր ասեցին:
«Նա ներշնչանք է, Ամերիկայի սկզբունքների կենդանի ապացույցը: Մեկ անձ կարող է փոխել ուրիշների կյանքը, և Զաքի նպատակը հենց դա է» , - ասում է Սենատոր Ջոնի Այզեքսոնը:
Երեք տարի տևացող այս արշավը նա սկսել էր, երբ դեռ ութ տարեկան էր: Յուրաքանչյուր օր նա քայլում էր միջին հաշվով 20կմ: Նա շարունակում էր քայլել` անտեսելով հոգնածությունը:
“Երբ երեխան հոգնում է անօթևան լինելուց, նա չի կարող մտածել` ինձ սա հոգնեցնում է, ես այլևս անօթևան չեմ լինի: Ուստի ինչու պետք է ես մտածեմ, թե հոգնել եմ, և այլևս չեմ քայլելու” , -կարծում է Զաքը:
Ճամփորդության ընթացքում Զաքին շատերն էին միանում: Մայրը նրա կողքին էր ամեն քայլին, իսկ քույրը մեքենայով հետևում էր նրանց: Նրանց հաճախ անվճար սննունդ էին տրամադրում ռեստորաններում, իսկ գիշերում էին նրանք նվիրատվություն ստացած տնակում: Ճանապարհին Զաքը օգնում էր անօթևաններին:
«Օգնում էի մշակել այգին կամ պարզապես խաղում երեխաների հետ` ցանկանալով գոնե մեկ օրով բարելավել նրանց կյանքը»:
Զաքը նախկինում էլ օգնել է մարդկանց: Երբ նա վեց տարեկան էր, փոթորիկն ավերեց Ֆլորիդայի որոշ հատվածներ: Նա փոքրիկ կարմիր սայլակով շրջում էր և հարևաններին խնդրում փոթորիկից տուժածների համար նվիրաբերել շշով ջուր կամ այլ իրեր:
Մեկ տարի անց Զաքը հիմնեց շահույթ չհետապնդող Փոքրիկ կարմիր սայլակ հիմնադրամը, որն օգնում է կարիքավոր երեխաներին: Այլ կամավորների հետ նա մթերքով, անձնական հիգիենայի իրերով և խաղալիքներով լի պայուսակներ է նվիրաբերում անօթևան երեխաներին:
Վաշինգտոնում Զաքն օգնեց ներկել դեռահասների ապաստարան Սաշա Բրյուս Հաուզի պատերը: Տասնյոթամյա Սինթիա Բաթերը փողոցում էր ապրում: Նա ասում է, որ այժմ ապահով կացարան ունի և նոր կյանք է սկսում:
Զաքի մայրը` Լորին, ապշած է որդու պաթոսով: Նա չէր կարծում, որ հասուն տարիքում որդին կհասներ ներկայիս հաջողության գոնե կեսի:
Զաքը կամավորի իր աշխատանքի համար մի քանի անգամ պարգևատրվել է, նաև 2006թ. Նախագահ Բուշի կողմից :
Լոս Անջելոսում շահութ չհետապնդող բարեգործական ծրագիրը ֆինանսավորում է Զաքի կյանքի մասին ֆիլմը: Զաքը կխաղա իր դերը: Նախագծի հեղինակ Մայքլ Գուիլեն ասում է, որ Զաքի հաջողությունները հուզել են նրան:
“Ամեն անգամ նրան տեսնելիս, ուղղակի նրա հետ զրուցելիս աչքերս լցվում են: Նա հրաշալի երեխա է, ով բարի գործ է կատարում”,- ասում է նա:
Հաջորդ տարի Զաքը պլանավորում է վերսկսել իր քայլերթը անօթևան երեխաների համար: Այս անգամ նրա ճանապարհը կրկնակի երկար է` Տամպայից Լոս Անջելոս:
Սակայն մինչև Վաշինգտոնից հեռանալը Զաքը հուսով է կհանդիպի Նախագահ Օբամային և նրան կփոխանցի երեխաների նամակները` խնդրելով միջոցներ ձեռնարկել անօթևան երեխաներին օգնելու համար: