Մատչելի հղումներ

Փղերի համար բնական միջավայր Սան Դիեգոյի կենդանաբանական այգում


Սան Դիեգոյի կենդանաբանական այգին աշխարհի ամենամեծ և ամենահայտնի կենդանաբանական այգիներից է: Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ վտանգված կենդանատեսակներ: Դրանց թվում են աֆրիկյան և ասիական փղերը, որոնց թիվը հետզհետե պակասում է: Այժմ այստեղ կարելի է տեսնել փղերի մի ամբողջ կացարան, որը բացահայտում է հին և նոր կենդանական աշխարհների միջև կապը:

Բնական պայմաններում աֆրիկյան փղերին սպառնում են որսագողները, ում փղոսկր է անհրաժեշտ, ինչպես նաև ֆերմերները, ովքեր մշակում են փղերի երբեմնի բնակավայրերը: Սակայն Սան Դիեգոյի կենդանաբանական այգում նրանք առավել բարենպաստ վիճակում են. նրանց համար ստեղծվել են բնականին շատ մոտ պայմաններ:

Այգու խոսնակ Ռիկ Շվարցն ասում է, որ 45 միլիոն դոլար արժողությամբ այս ցուցադրությունը նաև անդրադարձ է ժամանակի ընթացքին: Նրա խոսքերով այգում բնական միջավայր է ստեղծված փղերի համար` նույն կենդանիներով, թռչուններով և բույսերով: Փղերի ոդիսականի հիմքում ընկած է նաև ժամանակի հանգամանքը: Նա ասում է, որ երկխոսություն է ստեղծվել մի միջավայրի հետ, որը 12 հազար տարի առաջ գոյություն ուներ նույն տեղում` Հարավային Քալիֆորնիայում:

Կենդանիների ոսկորներով լի խորշը ցույց է տալիս, թե ինչպես են գիտնականները բացահայտել այդ տարածաշրջանի անցյալը: Խորշում զետեղված արհեստական բրածոները այն բրածոների կրկնօրինակներն են, որոնք գիտնականները հայտնաբերել են Սան Դիեգոյում, Լոս Անջելեսի Հեմեթ արվարձանում և Հարավային Քալիֆորնիայում ու հարավ-արևմուտքում:

Փղերի ոդիսականում հին տեսակների արձանների և նկարների կողքին կարելի է տեսնել իսկական կենդանիներ: Ցուցահանդեսի ճարտարապետ Սթիվ Ֆոբսը ասում է, որ մամոնտների հատվածում մարդիկ կարող են մոտիկից տեսնել փղերին, ինչպես նաև կոլումբիական մամոնտի իրական չափսերով պատրաստված արձանը: Ըստ նրա` երկու կենդանիներին իրար կողք տեսնելով` մարդիկ հիրավի կպատկերացնեն նրանց տարբերությունը:

Այցելուները կարող են մոտիկից տեսնել կենդանիներին և հետևել նրանց խնամքին: Կենդանաբանական այգին համագործակցում է Բոցվանայում գտնվող և Աֆրիկայում փղերի փրկության համար պայքարող Փղեր առանց սահմանների կազմակերպության հետ: Նման ցուցադրումների շնորհիվ նրանք փորձում են մարդկանց իրազեկել այս կենդանիների գոյության և նրանց սպառնացող վտանգների մասին:

XS
SM
MD
LG