Էդինբուրգի "Ֆրինջ" փառատոնը բացված է, և արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցներն արդեն հավաքվել են Շոտլանդիայի մայրաքաղաքում: "Ֆրինջը" սկիզբ է առել որպես այլընտրանք Էդինբուրգի ավանդական միջազգային փառատոնին: Այսօր այն նույնքան, եթե ոչ ավելի, հանրահայտ է, և չնայած տնտեսական անկմանը` քաղաքի համար ապահովում է տարեկան գրեթե 130 միլիոն դոլար (80 միլիոն ֆունտ ստերլինգ) եկամուտ:
Էդինբուրգի "Ֆրինջ" փառատոնին մասնակցելու համար հազարավոր մարդիկ են ժամանում Շոտլանդիայի մայրաքաղաք: Այս երեքշաբաթյա փառատոնին ներկայացվում են երաժշտություն, գրականություն, պար և թատրոն աշխարհի տարբեր անկյուններից: Չնայած համաշխարհային տնտեսության անկմանը` փառատոնի տոմսերի վաճառքի ծավալը 2007թ. համեմատ աճել է 20 տոկոսով:
Էդինբուրգի "Ֆրինջ" փառատոնի մասնակիցներից մեկը` Լորդ Լիվինգսթոնի կենդանի բնորդն ասում է, - "Տնտեսական անկման պայմաններում ինձ պես փողոցային դերասանների բախտը կարող է բերել: Հնարավոր է, որ մարդիկ 13 դոլար չվճարեն ներկայացում դիտելու համար, բայց 2-3 դոլար կգցեն փողոցային դերասանի գլխարկի մեջ":"Ֆրինջը" սկսվեց 1947թ., երբ Էդինբուրգի միջազգային փառատոնին չհրավիրված ութ թատերախմբեր որոշեցին դրան զուգահեռ անցկացնել իրենց փառատոնը:
Այս տարի "Ֆրինջում" կցուցադրվեն 35 հազարից ավել ներկայացումներ, ինչը 3 հազարով ավել է նախորդ տարվանից: Քաղաքի բնակիչներ գոհ են փառատոնի բերած եկամտից: Տարվա այս շրջանում վարձակալվում է ամեն ինչ` հյուրանոց, տրանսպորտային միջոցներ:
Ըստ կազմակերպիչների դժվարին ժամանակներում հանդիսատեսի մուտքը չի դադարել, քանի որ նրանց դուր է գալիս "Ֆրինջի" լայն ասպեկտը: Փառատոնում արվեստի տնօրեն Թոմեկ Բորկովին հուսով է, որ տոմսերի վաճառքի մեծ ծավալը կօգնի բարձրացնելու արվեստի արժեքը:
"Ցավալի է, որ Մեծ Բրիտանիայում արվեստը համարում են, ոչ թե արդյունաբերություն, այլ բեռ,- ասում է նա: Մենք փորձում ենք իշխանությանը հասկացնել, որ արդյունաբերություն ենք և ապահովում ենք շատ մարդկանց զբաղվածությունը":