Մատչելի հղումներ

Տնտեսական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանում աճել է հանցագործությունների թիվը


Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանում գործազրկության տոկոսի և հանցագործությունների թվի աճը` նախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել խստացնել ոստիկանական վերահսկումը` երկրում հասարակական կարգը պահպանելու նպատակով: Բացի այդ, նա իրավապահ մարմիններին հորդորել է պայքարել հանցագործությունների դեմ` ձեռնարկատերերին հետապնդելու փոխարեն:

Ներքին գործերի նախարարությունում իրավապահ մարմինների հարյուրավոր ներկայացուցիչներին դիմելով` նախագահը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանում գործազրկության աճի արդյունքում կարող է աճել նաև հանցագործությունների թիվը:

Նա նշել է, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն հասարակական կարգի պահպանմանը, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանը հայնվել է բարդ իրավիճակում. երկրում աճել է գործազուրկների թիվը, և մի շարք սոցիալական խնդիրներ են առաջ եկել: Նա հավելել է, որ որոշ անհատներ փորձում են օգտվել այս իրավիճակից: Այդ իսկ պատճառով, նա նշել է, որ ոստիկանությունը չպետք է թույլ տա, որ իրավիճակն էլ ավելի վատանա: Նա իրավապահ մարմիններին կարգադրել է վերահսկել իրավիճակը Ռուսաստանի բոլոր մարզերում և ընդհանուր առմամբ երկրի ողջ տարածքում:

Ռուսական “Մոսկովսի Կոմսոմոլեց” թերթի համաձայն` Ռուսաստանի գործազուրկների շրջանում խանութներից գողություն անելու դեպքերի աճ է արձանագրվել: Գողություններ են արվում նաև պարենային խանութներից, և նույնիսկ դեպքեր են արձանագրվել, երբ, վերահսկման տեսախցիկներից թաքնվելով, մարդիկ փորձել են սնունդ ուտել անմիջապես խանութում: Թերթը գրում է, որ հունվար ամսին Մոսկվայի խանութներից գողությունների միջինում օրական 21 դեպք է արձանագրվել, ինչը մեկ երրորդով բարձր է երկու տարի առաջ արձանագրված թվի համեմատությամբ:

Անցյալ շաբաթ բազմաթիվ ոստիակններ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հետևել են կառավարության դեմ բողոքի ցույցերը, որոնց պատճառ է հանդիսացել տնտեսական բարդ իրավիճակը: Դրանց մեծ մասը մարդաշատ չի եղել, և հաճախ ավելի շատ ոստիկաններ են եղել, քան ցուցարարներ: Սակայն Ռուսաստանի հեռավոր արևելքում գտնվող Վլադիվոստոկ քաղաքում շուրջ 3,000 ցուցարար է հավաքվել:

Նախագահ Մեդվեդևը նաև խոսել է այն կոռումպացված պաշտոնյաների մասին, ովքեր փորձում են գումար վաստակել` օրինապահ ձեռնարկատերերի հետապնդելու միջոցով: Նա ասել է, որ վերջին շրջանում շատ է խոսվել այն մասին, որ պետք է կանխել պաշտոնյաների կողմից գործարարների և հատկապես փոքր ու միջին բիզնեսի դեմ անհարկի միջամտությունները: Նա զգուշացրել է իրավապահ մարմիններին, որ նրանք պետք է խուզարկումներ իրականացնեն միայն այն դեպքում, երբ պաշտոնապես օրենքի խախտում է արձանագրվում, և համապատասխան քրեական գործ է հարուցվում:

Հաճախ ռուս պաշտոնյաները և ոստիկանները մեղադրվում են օրինապահ ձեռնարկատերերին շորթելու մեջ: Նրանք անհիմն խուզարկումներ են իրականացնում և մեղադրանքներ առաջադրում:

Նախագահ Մեդվեդևն ասել է, որ ոստիկանությունը պետք է նաև պայքարի արտասահմանցի աշխատողների կողմից իրականացվող հանցագործությունների դեմ: Նրանցից շատերը նախկին Խորհրդային Միության հանրապետություններից են, նրանք Ռուսաստան են գալիս` ձեռքի աշխատանքով գումար վաստակելու: Նրանցից շատերն այս ճգնաժամի արդյունքում ոչ միայն իրենց աշխատանքն են կորցնում, այլ նաև դառնում են ազգայնամոլական խմբերի կողմից հարձակումների թիրախ կամ նույնիսկ զոհ: Ազգայնամոլականները նրանց մեղադրում են ռուսների վարձատրումները իջեցնելու և նրանց աշխատատեղերը խլելու մեջ:

XS
SM
MD
LG