Եվրոպայի օդային երթևեկության գործակալությունը հայտնել է, որ Իսլանդիայի հրաբխի ժայթքման պատճառով թռիչքները դեռ չեն իրականացվի առնվազն մինչև կիրակի առավոտ:
Մարդիկ խմբվել են գնացքների, ավտոբուսների և նավակների կայարաններում: Տաքսի ծառայությունների խոսքերով` նրանց հազարավոր դոլարներ են վճարում Եվրոպայի տարածքում մեքենայով տեղափոխելու համար:
Եվրոպայի օդային երթևեկության վերահսկման գործակալությունը` Եվրավերահսկողությունը, հայտնել է, որ Եվրոպայի օդային տարածքում շաբաթ օրը միայն 6 հազար թռիչք է եղել` ի տարբերություն սովորական 22,000-ի: Ըստ Եվրավերահսկողության` ուրբաթ օրը դադարեցվել է Եվրոպայի համար սովորական համարվող օրական 28,000 թռիչք:
Ֆրանսիայի հյուսիսային օդային տարածքը փակ կլինի մինչև երկուշաբթի առավոտ: Եվրոպայի հարավային հատվածում` Իսպանիայում, Իտալիայի հարավում, Հունաստանում և Թուրքիայում թռիչքները չեն դադարեցվել:
Օդևերևութաբան Մարթին Գրոզերի խոսքերով`
"Իրավիճակը չի բարելավվել: Իսլանդիայի հրաբուխը հանդարտվելու նշաններ ցույց չի տալիս: Քամու պատճառով Իսլանդիայի հրաբխից առաջացած մոխիրը դեռ մի քանի օր կտարածվի Եվրոպայով: Քանի դեռ քամու փոփոխություններ չկան, իրավիճակը կմնա նույնը մինչև հաջորդ հինգշաբթիից շաբաթը":
Իսլանդիայում հրաբուխը ժայթքել է չորեքշաբթի: Դրանից առաջացած մոխրային ամպը պարունակում է ապառների, քարերի, ապակու, ավազի մասնիկներ, որոնք կարող են ընկնել ինքնաթիռների շարժիչի մեջ և խափանման պատճառ դառնալ:
Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցությունը հայտնել է, որ ըստ գնահատումների` ավիաուղիների օրական կորուստը կազմում է գրեթե 200 միլիոն դոլար:
Սա սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Եվրոպայի օդային երթևեկության երկրոդ նմանատիպ խաթարումն էր: Այն ժամանակ դադարեցվել էին բոլոր անդրատլանտյան թռիչքերը, իսկ ԱՄՆ օդային տարածքը երեք օր փակ էր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շնչառական խնդիրներ ունեցողներին զգուշացնում է մոխիրի թափման ժամանակ դուրս չգալ: