Մատչելի հղումներ

Ռեժիսոր Լի Դենիելսի “Փրեշըս” ֆիլմը


Լի Դենիելսի փոքր բյուջեով նկարահանված “Փրեշըս” ֆիլմը հիմնված է աֆրիկա-ամերիկացի Սապֆիրի “Մղում” մրցանակակիր վեպի վրա: Այն 16-ամյա գեր աղջկա մասին է, ով ապրում է Հարլեմում` Նյու Յորքի հիմնականում սևամորթերով բնակեցված, ժամանակին վտանգավոր և աղքատ թաղամասում: Փրեշըսը հաղթահարում է իր ընտանիքի կողմից ֆիզիկական և հոգեբանական ճնշումները և վերգտնում իր կյանքը:

Փրեշըսը հույսի նշույլ անգամ չուներ: Ակնկալելով մոր օգնությունը` նույնիսկ բարի խոսքի չի արժանանում: Նրան դպրոցից հեռացնում են, քանի որ հղի էր, այն էլ` սեփական հորից: Սակայն Փրեշըսը չի հանձնվում և ներգրավվում է այլընտրանքային դպրոցում:

Երկխոսությունը Փրեշըսի հետ սակավ էր: Լռությունը մեկնաբանվում էր հայացքով, ժեստերով և շարժումներով: Գույները մռայլ էին և ճնշող: Հազվադեպ է պատկերը գունավորվում` կարմիր շապիկ, փիրուզագույն վզնոց, նարնջագույն շարֆ: Դրանք հույսի նշույլ են: Միայն երիտասարդ աղջկա անուրջներում են գույները վառ, որտեղ նա փախչում է իր կյանքի մռայլ պահերից:

“Փրեշըս” ֆիլմը Գաբի Սիդայբի առաջին կինոդերն է, նա մարմնավորում է Քլերիս Փրեշըս Ջոնսին, և նրա անունը շրջանառվում է Օսկարի համար: Նրա խաղը զգայացունց է:

Ենթադրվում է, որ մրցանակակիր կդառնա Մոնիքը, ով խաղում է Մերիի` Փրեշըսի բանականությունից զուրկ մոր դերը:

Երգչուհի Մըրայա Քերին անճանաչելի է ֆիլմում: Նա հանդես է գալիս միսս Ուեյզի` անողոք հասարակական աշխատակցի դերում:

Ֆիլմն անզիջում է և դաժան: Այն քննադատվել է աֆրիկա-ամերիկացիների կյանքին բացասական մոտեցման համար: Սակայն ռեժիսոր Լին Ամերիկայի Ձայնին ասաց, որ այս պատմությունը վեր է ռասսայից:

“Բոլորիս մաշկի գույնը տարբեր է: Մեր շարքում կան մարզիկներ, թմրամոլներ, բժիշկներ և մարդասպաններ: Մենք մարդ ենք: Դուք մարդ եք: Սա կյանքի հատված է”,- բացատրեց նա:

Փրեշըսը գերազանցում է սպասելիքները: Նա սովորում է կարդալ, գրել, ու մերժելով ընտանիքը` դառնում է ինքնուրույն:

“Եթե ֆիլմը դիտելուց հետո խղճում եք Փրեշըսին, ապա այն չեք հասկացել: Ես ուզում եմ, որ այս պատմությունը ոգևորի մարդկանց”,- ասում է Գաբի Սիդայբը:

Ֆիլմը տակնուվրա է անում հոգին` ներկայացնելով, թե որքան դիմացկուն են մարդիկ: Լինելով միաժամանակ ցավոտ և ոգեշնչող` այն հուզում է բոլորին:

XS
SM
MD
LG