Մատչելի հղումներ

Արիզոնայի անապատի թանգարանը


Արիզոնա նահանգի Թաքսըն քաղաքի Արիզոնա-Սոնորա անապատի թանգարանը միակն է աշխարհում: Կենդանաբանական և բուսաբանա¬կան այգի լինելուց բացի այն գիտահետազոտական կենտրոն է: Հիմնականում բացօթյա այս թանգարանում ցուցադրվում են Արիզոնա և Կալիֆորնիա նահանգներում և Մեքսիկայում տարածվող Սոնորա անապատի բույսերն ու կենդանիները: Այստեղ թվում է` կենդանիները վայրի միջավայրում են, սակայն իրականում այցելուներից առանձնացված են անտեսանելի բաժանարարներով:

Լեռնային առյուծը հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր կատվազգին է: Գիշերային և միայնակ այս կենդանուն բնության մեջ հաճախ չես հանդիպի: Սակայն Սոնորայի անապատի թանգարանում առյուծի միջավայրը կարծես բնական լինի: Իրական թվացող ձորը պատրաստվել է գլաքարի մամուռից` ցեմենտի և երկաթաձողերի օգնությամբ:

Երեք կիլոմետր երկարությամբ ձգվող տարածքում ավելի քան 300 կենդանիների և 1200 բույսերի տեսակներ են ներկայացվում, այդ թվում` վտանգված մեքսիկական գայլը և սահվարո կակտուսը: Տպավորությունն այնպիսին է, որ քայլում ես անապատում:

“Սոնորայի անապատը շատ յուրօրինակ է: Այն ամենաբազմազան անապատն է: Քաղաքային միջավայրի փոխարեն, մենք այցելուներին անապատի աշխարհն ենք մատուցում”,- ասում է թանգարանի տնօրեն Քրեյգ Իվայնան:- “Բոլոր նմուշները պաշտպանված են այցելուների համար անտեսանելի խոչընդոտներով, խրամներով, պատերով և ցանկապատերով”:

Թանգարանի այցելուների թիվը տարեկան կես միլիոնից ավել է: Այստեղ ամեն ինչ բնական է թվում, և լի է բազմազանությամբ:

Այստեղ կա նաև հավալինա կոչվող խոզանման լուսան և սև արջ`Արիզոնայում հանդիպող արջի միակ տեսակը:

Ցուցադրվում են նաև անապատին հատուկ արարածներ` կարիճներ և օձեր, ինչպես նաև` գորտեր ու ջրասամույրներ, որոնք թաքնվում են քարերի տակ:

Ամենուր թռչուններ են` գերության և ազատության մեջ: Թռիչքի ամենօրյա ցուցադրումներ կան`որսի թռչունների մասնակցությամբ: Հարիս բազեն թռչում է, ուր ցանկանա, և վարժեցված է սննդի համար վերադարձին:

Ըստ թռչուններ վարժեցնող Հորգըրի` թանգարանը համարելով իրենց տարածք` թռչունները չեն հեռանում:

“Նրանք ցանկանում են վերադառնալ մեզ մոտ, վերադառնալ իրենց վանդակները և ապահով գիշերել այնտեղ, ուր գիտեն, որ կա սնունդ, ջուր և ապաստարան”,-բացատրում է նա:

Քրեյգ Իվայնան ասում է, որ մարդիկ թանգարանում տեղեկանում են, թե անապատում ինչ բույսեր և կենդանիներ կան, և հուսով է, որ նրանք կխանդավառվեն դրանք պահպանելու գաղափարով:

XS
SM
MD
LG